Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/467

Այս էջը հաստատված է

անհագ ախորժակը, որի համար ներելի էին համարում ամեն միջոցներ, որքան և անազնիվ լինեին։

Մի անգամ քավոր Պետրոսը խիստ իրավացի կերպով նկատեց, թե «արծաթը» աղի ջուր է, որքան խմես, այնքան կծարավես»։ Նույն ծարավը զգում էի և ես։ Ահա, թե ի՞նչն էր, որ ինձ առժամանակ բաժանեց Նենեից և ձգեց այդ անբարոյական հասարակության մեջ։

Ինձ բոլորովին զզվելի էր թվում այդ նոր շրջանը։ Զարմանալի է, թե ո՛րքան վայրենանում է մարդը լեռների և անտառների առանձնության մեջ. կերպարանքը, բնավորությունն անգամ ամենակոպիտ ձևեր են ստանում։ Նրանց կոշտացած դեմքը, խառնված մազերը, երեսների անախորժ արտահայտությունը, ճշմարիտն ասած, ինձ վրա սարսափ էր բերում։ Թեև մեզ, որպես իրանց հայրենակցին, ցույց էին տալիս հյուրասիրության բոլոր պատրաստականությունները։

Ամենագարշելին այն էր, որ այդ մարդիկը ածխագործի սև փոշու տակ ծածկված կատարում էին մի այլ ավելի սև արհեստ․․․։

Ո՞վ մտցրեց իմ մեջ այդ փոփոխությունը։— Ես պարտական էի Նենեին, որ զարթեցրեց իմ մեջ զզվանք դեպի այդ մարդիկը և ստիպեց սիրել գեղեցիկը ու լավը...։

Բ

ՔԱՋԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Գիշերը ի պատիվ մեր՝ պատրաստվեցավ ճոխ ընթրիք։ Ըմպեիքների քանակությունը ավելի շատ էր։ Խաչագողները ավելի խմում էին, քան թե ուտում էին։ Այժմ հավաքվել էին և այն ընկերերը, որոնք ցերեկով անտառի զանազան տեղերում ածուխ էին պատրաստում։ Բոլորի թիվը տասից ավելի էր։ Երբ բավական խմեցին, նրանցից ամեն մեկը սկսեց պատմել յուր կատարած քաջագործություններից մի անցք։ Աստվա՜ծ իմ, ինչե՜ր չէին պատմում դրանք, բոլորը, բոլորը չլսած և չտեսած բաներ էին․․․։ Ես, որպես քավոր Պետրոսի հառաջադեմ աշակերտներից մեկը, նույնպես շատ գործեր էի կատարել, բայց նրանց հետ համեմատվելով, դեռ կատարյալ համբակ էի։

— Է՜հ,— ասում էր մի ծերունի խաչագող արհամարհական