Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468

Այս էջը հաստատված է

ժպիտով,—այդ ի՞նչ գողություններ են, որոնցով պարծենում եք դուք։ Երբ ես երիտասարդ էի, գողացա հնդկաց աստծու աչքերը։

Ամենքը ծիծաղեցին. ծերունու ասածը շատերին անհավատալի երևաց:

— Երեխաները ու հիմարները ծիծաղում են ամեն բանի վրա, երբ չեն հասկանում,—պատասխանեց ծերունին, որին, ինչպես երևում էր, վիրավորեց ընկերների արհամարհանքը։ —Ձեզ անհավատալի է թվում իմ ասածը, ականջ դրեք, ես կպատմեմ։

Նա սկսեց յուր պատմությունն այսպես.

«Հնդկաց աստվածները մեր աստուծո նման չեն. մերը աչքի չէ երևում, իսկ նրանց աստվածները միշտ կանգնած են տաճարների մեջ, ամեն մարդ տեսնում է, հարցմունք է անում և պատասխան է ստանում։ Ես մտա այդ տաճարներից մեկի մեջ, ուր կանգնած էր գլխավոր աստվածներից ամենամեծը ոսկեղեն հագուստով։ Թեև ոսկին շատ սիրուն բան է, բայց ինձ ավելի գրավեցին նրա գեղեցիկ աչքերը։ Գեղեցի՜կ էին, աննման գեղեցիկ, ես խելագարի նման սիրահարվեցա այդ աչքերի վրա։ Նրանք կազմված էին երկու հատ խոշոր ալմաստներից և ճրագի նման վառվում էին։ Ալմաստների յուրաքանչյուրը աղավնու ձվի չափ կլիներ։ Այո՛, իմ սիրտը գրավեցին այդ փայլուն աստղերը, և ես կատարելապես սիրահարվեցա նրանց վրա։ Ե՛կ, մտածեցի, քեզ նվիրե այդ աստուծո սպասավորությանը, որ այդպիսի գեղեցիկ աչքեր ունի։ Եվ ընդունվեցա այնտեղ, ի՞նչ եք կարծում, ոչ թե իբրև հասարակ սպասավոր, այլ բրահմին,—այսպես են կոչվում նրանց քահանաները։ Ես կատարում էի իմ պաշտոնը ամենայն ջերմեռանդությամբ, ամենայն անձնանվիրությամբ այնպես որ փոքր ժամանակում գրավեցի ոչ միայն իմ աստուծո շնորհը, այլև ժողովրդի հարգանքը։ Ինձ հանձնեցին տաճարի բալանիները և նրա հսկողությունը։ Այդ տևեց մի քանի ամբողջ տարիներ։ Վերջը բրահմինական կյանքը, անընդհատ աղոթքները, խիստ ճգնությունները ձանձրացրին ինձ։ Ես վճռեցի վերադառնալ իմ հայրենիքը։ Բայց ցանկալի էր ինձ ունենալ մի հիշատակ այն աստուծուց, որին այնքան տարիներ ծառայել էի։ Ես ընտրեցի աչքերը, որոնց վրա միշտ սիրահարված էի։ Մի բարի գիշերում կատարվեցավ այդ գործը։ Բայց ո՞րտեղ պետք էր պահել խոշոր ալմաստները։ Սրունքներիս կաշին ծակեցի, ալմաստները դրեցի վերքի մեջ, հետո լավ փաթաթեցի։ Այժմ սատանան էլ չէր կարող գտնել։ Մնաք բարով ասեցի իմ աստուծուն և հեռացա։ Հնդկաստանի անտառները խիստ հյուրընկալ ծոց ունեն փախստականների