Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/470

Այս էջը հաստատված է

մոտ միշտ նստած էր լինում մի սևամորթ արաբ։ Մի պարահանդեսի ժամանակ նրա վրա սիրահարվեցավ մի հարուստ կոմսի աղջիկ, խոստացավ նրա հետ պսակվել, իսկ օրիորդի ծնողները խոստացան մեծ օժիտ տալ։ Օժիտի կեսը նա ստացավ և վատնեց, բայց օրիորդի հետ չամուսնացավ։ Խեղճ աղջիկը մեռավ բարակացավից, երբ տեսավ յուր փեսային անհայտացած։

Այդ պատմությունը, որ շատ հետաքրքրական էր և շատ գեղեցիկ կերպով նկարագրեց երիտասարդը, նույնպես անցավ խիստ աննշան կերպով, իսկ մի քանիսի մեջ առաջացրեց արհամարհանք։ Որովհետև սիրային հարաբերությունները առհասարակ մի տեսակ թուլասրտություն էր համարվում ամեն մի խաչագողի համար և մինչև անգամ ամոթ էր բերում նրան։ Խաչագողը կարող էր սերը ընտրել որպես միջոց մեկին կողոպտելու համար, իսկ ճշմարտապես սիրել անվայել էր։ Երիտասարդի պատմությունից երևաց, որ ինքը և սիրահարված է եղել կոմսուհի օրիորդի վրա։ Այդ պատճառով մեկը նկատեց նրան.

— Դուք այն ժամանակ արժան կլինեիք գովասանության, երբ փոխանակ շռայլաբար վատնելու այն օրիորդի փողերը և փոխանակ նրա հետ սիլի-բիլի անելու, կպսակվեիք նրա հետ, կստանայիք ամբողջ օժիտը և հետո բաց կթողնեիք, կհեռանայիք։

Այդ նկատողությունը ընդհանուր հավանություն ստացավ։

Մի ողորմելի խաչագող, որին ավել անունով կոչում էին «էշի ականջ», պատմեց, թե յուր ընկերի հետ մի անգամ մտան մի աղքատ գյուղացու տուն։ Երկուսն էլ իրանց ձևացրել էին վանական աբեղա: Տանը ոչինչ չգտան, բացի մի կացինից, որ դրած էր դռան մոտ։ Սկսեցին մաղթանք կատարել, երգելով հետևյալ երգը.

Աբեղան երգեց.

«էդա կացին, դռան տակին,
«Վեր ա՛ռ կոխի մեջ տոպրակին,
«Ալելուիա, ալելուիա՜»:


Ընկերը պատասխանեց.

«Պոչն էրկեն ա անիրավին,
«Չի պարտկվի մեջ տոպրակին.
«Ալելուիա, ալելուիա՜»։


Աբեղան շարունակեց.

«Վե՛ր առ, զա՛րկ ի դա քարին,
«Պոչը կոտրե՛ անիրավին,
«Որ պարտկվի մեջ տոպրակին:
«Ալելուիա, ալելուիա՛»։