Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/473

Այս էջը հաստատված է

այդ սպանությունը այն չէր, ինչ որ ինձ շատ անգամ պատահել էր գործեր: Առաջինների զվարճությունը րոպեական էր, շուտով անցնում էր, իսկ այդ վերջինի ուրախությունը քաղցր էր և տևողական։ Ես սպանելով, ազատել էի մի անմեղի կյանքը...:

Աոաջ ինչ որ անում էի, դարձյալ ուզում էի անել, չէի կշտանում, ոչ մի բանի մեջ բավականություն չէի գտնում։ Կարծես թե սիրտս միշտ և միշտ դատարկ էր մնում: Իսկ այժմ զգում էի, որ ավելի ուրախ եմ, սիրտս հանգիստ էր և գոհ, որպես թե, նա լիացած լիներ անսահման երջանկությամբ...:

Ո՞րտեղից ծագեց այգ փոփոխությունը:

Երբ խաչագողները քնեցին, ես ամբողջ գիշեր քնել չկարողացա: Իմ աչքերի առջևն էր Նենեն, նրա պատկերը ինձանից չէր հեռանում, միշտ նրան էի տեսնում և նրա մասին մտածում։ Ի՞նչ էր որ իմ սիրտը կապեց այդ թշվառ աղջկա հետ: Մարդու հոգեբանական գաղտնիքները դեռ անհասկանալի էին ինձ: Ես Նենեի վերաբերմամբ ունեցած իմ զգացմունքը բացատրում էի խիստ պարզ և հասարակ պատճառներով, թե կյանքի մեջ մարդ յուր արդյունաբերությունը ավելի է սիրում, ինչպես նա խիստ ախորժակով է ուտում այն երեի մսից, որ՝ ինքն է որսացել, իսկ բազարից գնածը այն համը չունի: Մարդ խնայողությամբ է ծախսում այն արծաթը, որ յուր քրտինքի վաստակն է, իսկ ժառանգական հարստության հետ շատ անգամ շռայլաբար է վարվում։ Այնպես էլ քաղցր է մարդուս համար յուր ձեռքով տնկած, հասցրած ծառի պտուղը: Արդյոք այդ համեմատությունները ճի՞շտ էին, դրանցով կարելի էր բացատրել Նենեի վերաբերությամբ ունեցած իմ զգացմունքը...: Կյանքն ամեն բան սովորեցնում է մարդուն, իսկ դեպքերը նրա վարժապետն են դառնում: Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, կողոպտել, հափշտակել, մի խոսքով, ուրիշին պատկանածը իրան սեփականացնելու համար չխնայել ոչ մի միջոց: Ավազակությունը ամենամեծ զվարճությունն էր ինձ համար, որի մեջ ես զգում էի բախտի քաղցրությունը: Ուրախություն էր պատճառում ինձ առանց քրտինքի պարպել ուրիշի քսակը: Բայց այն օրից, երբ ես իմ քսակը առաջարկեցի ծերունի ձկնորսին և խնդրեցի նրանից պահել, պահպանել Նենեին,— այդ օրից ես վայելում էի մի ավելի մեծ բավականությունդ որ երբեք ճաշակած չէի:

Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, բայց Նենեն սովորեցրեց սիրել, բարիք գործել:

Որքա՞ն գեղեցիկ բան է սերը։