Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/474

Այս էջը հաստատված է

Ես Սառային էլ էի սիրում․ այժմ նույնպես սիրում եմ մանկության բարեկամին։ Բայց հանգամանքները բաժանեցին մեզ, տարիները ահագին անդունդ փորեցին մեր մեջ. մենք անջատվեցանք։ Ո՜րքան ժամանակ էր, որ չէի տեսել նրան. այժմ իմ հիշողության մեջ մնացել էր նրա մռայլ պատկերը միայն, թեև սրտիս մեջ տակավին չէր հանգել նրա սերը։ Սառան ինձ երևում էր այն բանի նման, որպես երեխային երազումը կտային մի խաղալիք և նա կուրախանար, բայց հենց որ զարթնում է քնից, սկսում է տխրել, որ այն խաղալիքը այլևս չունի...։

Առավոտյան խաչագողները զարթնեցան խիստ վաղ։ Որպես գործի մարդիկ, դեռ արևը չծագած, նրանք ոտքի վրա էին։ Մի քանիսը վեր առին կացինները, գնացին անտառը, փայտ կտրելու և ածուխ պատրաստելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, մնաց խրճիթում յուր երկու բանվորների հետ։

Ինձ երևում էր, որ նրանք խիստ ուրախ էին քավոր Պետրոսի հայտնվելով, և հարգում էին նրան, որպես իրանց պատրիարքին։ Իսկ ինձ դեռ մարդու տեղ չէին դնում, ինձ վրա նայում էին որպես մի անվարձ համբակի վրա։ Նազարը մեզ ցույց տվեց իրանց ստորերկրյա վիրապը, այնտեղ էր նրանց գործարանը։ Կեղծ թղթադրամը ահագին կապոցներով դարսված էր զանազան խորշերում։ Մեքենաները, մամուլները, ներկերը բոլորովին շլացրին իմ աչքերը։ Նազարը, գործարանի կառավարիչը, որ երկար ժամանակ Լոնդոնում սովորել էր այդ արհեստը և այդ բոլոր պարագայքը բերել էր այնտեղից, մի առ մի ցույց էր տալիս մեզ յուր պատրաստությունները և նրանց գործածության ձևերը։ Իսկ այնօր չէին բանում, որովհետև գլխավոր մեքենապետը, որը մի հրեա էր, գնացել էր քաղաքը մի մեքենայի խանգարված մասը շինել տալու համար։ Հրեան միևնույն ժամանակ փորագրիչ էր, ընկերության մեջ դա էր միայն, որ օտարազգի էր։

Քավոր Պետրոսը արեց մի քանի նկատողություններ, հետո հարցրեց, թե ի՞նչպես էին ծախսում այդ թղթերը։ Նազարը պատասխանեց, թե թղթերը ծախսելու համար ընտրել են կայսերության ամենախուլ կողմերը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ է, ասաց, որ զանազան տեղերում ունեն գործակատարներ, որոնք փոխարինում են թղթերը գյուղացիների հետ, ստանալով նրանցից հում բերքեր, որպիսին են ալյուր, քաթան, կամ տնային անասուններ և այլն։ Այդ մթերքը վաճառվում է քաղաքներում։