Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Այս էջը հաստատված է

— Այդ ես տեսնում եմ, որ դուք գործ ունեք միայն գյուղացիների հետ,— ասաց քավոր Պետրոսը,— դրա համար էլ ձեր թղթերը մանր տեսակներից են։ Բայց պետք է ընդարձակել գործը։

Թե ի՛նչպես պետք էր ընդարձակել, այդ մասին քավոր Պետրոսը ոչինչ չհայտնեց։ Նա առհասարակ սովորություն ուներ իսկույն չհայտնել յուր միտքը։ Բայց նրա նկատողությունը ճիշտ էր. թղթերի տեսակները հասնում էին մինչև տասն ռուբլիանոցի միայն, որովհետև նրանք գործ ունեին մանր առևտրականների հետ։

Խաչագողները հենց նույն օրից ընդունեցին մեզ իրանց ընկերության մեջ։ Եվ որովհետև բոլորի պաշտոնները որոշված էին, քավոր Պետրոսին, որպես հմուտ և փորձված մարդ, կարգեցին ընկերության տեսուչ։ Իսկ ինձ, դեռ մանուկ և անվարժ համարելով, պարապմունք տվեցին ածխագործների մասում։ Իմ զորեղ բազուկները ավելի հարմար էին փայտ կտրելու համար։ Ես գոհ եղա այդ պաշտոնով, որովհետև մտածում էի, որ դա միջոց կտա ինձ բացակա լինել նրանց բնակարանից և անտառը գնալու պատրվակով շուտ-շուտ տեսնվել Նենեի հետ։ Իմանալով, որ ես միևնույն ժամանակ լավ որսորդ եմ, նրանք հանձնեցին ինձ և այդ պարապմունքը։ Մարդկային բնակություններից հեռու գտնվելով, նրանք խիստ հազիվ անգամ կարողանում էին միս գնել և ապրում էին ըստ մեծի մասին որսի մսով։

Հետևյալ օրից ես մտա պաշտոնիս մեջ։ Վաղ առավոտյան առա ինձ հետ մի հրացան, մի որսորդական շուն և ճանապարհ ընկա։ Ա՜խ, որքան ուրախ էի, ո՛րքան շտապում էի։ Երկու օր էր, որ չէի տեսել Նենեին։ Ես խոստացել էի ամեն օր այցելել նրան։ Այժմ ո՛րքան անհանգիստ կլիներ նա, ինձ չտեսնելով, և ո՛րքան կուրախանար, երբ կրկին կտեսներ ինձ,— ճանապարհին միշտ այդ էի մտածում։

Դեռ ձկնորսի տնակին չհասած, ծովի ափի մոտ հանդիպեց ինձ պառավը, որ ապրում էր ձկնորսի հետ։

— Որդի,— ասաց նա մի առանձին ցավակցական եղանակով,— այդ ի՞նչ արեցիք մեզ հետ. այն աղջիկը ցավով լցրեց մեր սիրտը...։

— Ի՞նչ կա,— հարցրի ես սարսափելով,— հիվա՞նդ է... մեռե՞լ է... ի՞նչ է պատահել։

— Զավակս, աստված մի արասցե, որ այդպես բան լինի,— պատասխանեց պառավը այժմ ավելի հանգիստ կերպով։ — Նա այնքան լավ աղջիկ է, որ ես կցանկանայի, որ իմ աչքերը