Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

կուրանային, բայց նրան մի չար չհանդիպեր։ Նա այնքան բարի այնքան սիրուն է։

— Ապա ի՞նչ է պատահել,— Հարցրի ես անհամբերությամբ։ — Ասացեք, ինչո՞ւ եք ծածկում։

— Հիվանդ ասես, հիվանդ չէ, որդի, բայց ամբողջ գիշեր չէ քնում. հենց ա՜խ ու վա՜խ է քաշում և լաց լինում։ Ի՛նչն է տանջում խեղճ աղջկան, աստված գիտե, բայց միշտ տխուր է և տխուր. պատառ հաց բերանը չէ դնում։ Պատահում է, կա՛մ կատուն է անցնում դռան մոտով, կա՛մ թռչունն է թռչում, կամ տերևն է շարժվում, — նա իսկույն դուրս է վազում, ժամերով նստում է դռան մոտ, նայում է և նայում դեպի ճանապարհը, կարծես, մեկին սպասում է

Մինչ ես պառավի հետ խոսում էի, հանկարծ հայտնվեցավ Նենեն. նա երեխայի պես քաշ ընկավ իմ պարանոցից և երկար բաց չէր թողնում։

— Ինչո՞ւ ինձ խաբեցիր,— հարցրեց նա։

— Տեսնում ես, որ եկա,— պատասխանեցի ես։

— Այդպես ուշ։ Ա՜խ, որքան ես լաց եղա…։

— Ինչո՞ւ էիր լաց լինում։

— Կարծում էի, որ դու էլ չես գա ինձ մոտ։

Մենք մոտեցանք խրճիթին։ Նենեն նայեց իմ որսորդական հագուստի ու զենքերի վրա և ուրախացավ։

— Դու հրացան էլ ունես, ես էլ չեմ վախենա…։

— Ո՞ւմից պետք է վախենաս։

— Ա՜խ, այն ավազակները…։

Դարձյալ մտաբերեց չարագործներին։

— Մոռացի՛ր նրանց, Նենե։ Նրանք քեզ է՛լ ոչինչ չեն կարող անել։ Այդ գազանների վարմունքը այնպիսի վատ տպավորություն էր թողել խեղճ աղջկա վրա, որ նա առանց սարսափելու չէր կարողանում մտաբերել նրանց։ Ես միշտ աշխատում էի հեռացնել նրանից այդ հիշողությունը, մանավանդ երբ տեսնում էի, որ նա ամբողջ մարմնով դողում էր և գունաթափվում էր նրանց միտ բերելու ժամանակ։

Նենեն սկսեց փայփայել իմ որսորդական շանը, որ խիստ մտերմաբար քծնում էր նրա չորս կողմով։

— Այդ շունը քո՞նն է,— հարցրեց նա։

— Իմն է։