Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

— Չէ, ես չեմ գա․ դու ասացիր, որ անտառը չգամ։

— Հա, այսպես, սիրելիս, զգույշ եղի՛ր, որ այն ավազակներին կրկին չհանդիպես, նրանք չպիաի տեսնեն քեզ, հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ։ Բայց դու շո՞ւտ կվերադառնաս։

— Երեկոյան։ Ամբողջ գիշերը քեզ մոտ կմնամ։

Նա ուրախացավ և մի առանձին զգացմունքով խնդրեց ինձանից.

— Թույլ տուր մինչև այն ծառը գամ քեզ ճանապարհ գցելու. տե՛ս, մինչև այն եղևնին, շատ հեռու չէ։

— Մինչև այն եղևնին կարող ես գալ։

Նենեն եկավ ինձ հետ քսան քայլ միայն, որովհետև այդքան էր ցույց տված ձառի հեռավորությունը։ Նա գրկեց ինձ և դարձյալ արտասուքր աչքերում աղերսում էր, որ շուտ վերադառնամ նրա մոտ։ Խե՜ղճ աղջիկ։ ո՛րքան ջերմ էր նրա մեջ սերը, դեռ մաքուր, բարեկամական սերը։ Ես հեռացա։ Պառավը իմ ետևից ձայն տվեց.

— Չթողնես Նենեին մենակ, նա մեզ հանգստություն չի տա..․։

Դ

ԿՈՐԱԾ ՀԱՅՐ

Իմ այն օրվա որսորդությունը անցավ հաջող կերպով․ ես սպանեցի մի նորահաս եղջերու և մի քանի հատ վայրենի աղավնիներ։ Բայց քավոր Պետրոսի մոտ չվերադարձա, որովհետև Նենեին խոստացել էի այն գիշերը անցկացնել ձկնորսի խրճիթում։ Ընկերներս իմ մասին անհանգիստ չէին լինի, որովհետև կմտածեին, թե որս չգտնելու պատճառով ես մնացել էի անտառում։ Բացի դրանից, ընկերության մեջ ես փայտ կտրողների և ածուխ պատրաստողների բաժանումն էի. իմ պաշտոնակիցները ըստ մեծի մասին գիշերները անց էին կացնում բացօթյա, անտառի մեջ, ածուխի խարույկների մոտ, մանավանդ որ ամառ էր, եղանակը տաք էր։

Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի յուր գիշերային մուտքը, երբ ես վերադարձա ձկնորսի խրճիթը։ Ճանապարհին մտածում էի, թե Նենեն շատ կուրախանա, երբ կտեսնե իմ որսերը։ Նա նստած էր խրճիթի դռանը, սպասում էր ինձ։ Երբ հեռվից տեսավ, մինչև եղևնի ծառի մոտ վազեց իմ առաջը։ Այդ ծառը նրա սահմանն էր։