Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/481

Այս էջը հաստատված է

ես նկատում էի, ուներ ծերունին և իմ վերաբերմամբ։ Իմ վարժ խոսելը չէր կարող նրան համոզել, թե ես ռուս եմ։ Իմ դեմքը, իմ գծագրությունը, իմ սև մազերը բոլորովին հակառակ վկայություն էին տալիս իմ մասին։

Ընթրիքը արդեն պատրաստ էր, մենք բոլորեցինք սեղանի շուրջը. Նենեն նստեց իմ մոտ, իսկ պառավը նստեց ծերունու մոտ։ Իմ որսորդական սրվակի մեջ մնացել էր բավական արաղ, ես տվեցի ծերունուն, նա խմեց։ Սառած ուղեղը տաքացավ. նա սկսեց ավելի և ավելի կենդանանալ։ Բայց բոլորովին առասպելական մի երեվույթ էր ներկայացնում այդ ծածկամիտ ալևորը։ Նա յուր մասին ամենևին չէր խոսում, և երբ յուր վրա խոսք էր լինում, միշտ աշխատում էր խույս տալ կամ հարևանցիորեն անցնել, առանց մի որոշ միտք հայտնելու։ Բայց ես նրա երեսի խորշոմների մեջ նկատում էի մի գաղտնիք, որ ամենայն զգուշությամբ թաքցնում էր։

Ես խմացրի նրան արաղի մնացորդը ևս։

Սկզբում խոսակցությունը խիստ հասարակ բաների վրա էր. ծերունին խոսում էր ծովի վրա, ձկների տեսակների վրա, խոսում էր, թե ո՛րքան յուր «պառավը» օգնում է իրան, չորացնում է, պատրաստում է ձկները, և ինքը տարենը մի քանի անգամ կարողանում է քաղաք գնալ, յուր ձկնեղենները վաճառելու համար և այլն։ Բայց ո՞վ էր այդ պառավը, արդյոք կի՞նն է՛ր, ազգականն էր,— այդ մասին ոչինչ չէր խոսում։

Նենեն և պառավը շուտով հեռացան ընթրիքի սեղանից, մեր խոսակցությունը նրանց չէր զբաղեցնում։ Պառավը քաշվեցավ մի անկյունում, սկսեց նիրհել, որովհետև շատ հոգնած էր, իսկ Նենեն մոտեցավ ճրագի լույսին, սկսեց մի բան կարել։ Նրան այն օր պառավը ընծայել էր յուր լավ հագուստներից մեկը, որ ինքը չէր գործածում, և Նենեն այդ հագուստը ձևում էր, հարմարեցնում էր յուր հասակին։

Ես և ձկնորսը մնացինք մենակ։

— Շա՞տ Ժամանակ է, որ դուք այդ ծովի ափի մոտ եք բնակվում։— Հարցրի ես։

— Ավելի քան վեց տարի։

— Միշտ ձո՞ւկ էիք որսում։

— Այո՛։

— Իսկ առա՞ջ։

— Այդ մի՛ հարցրու...։