Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

Մեջ մտավ Նենեն, յուր կարը բերելով ինձ ցույց տալով.

— Տե՛ս, Մուրադ, ինչպես լավ կարեցի. այստեղ շատ լայն էր, նեղացրի. այստեղ երկայն էր, կտրեցի, այդ կոճակներն էլ պիտի փոխեմ. այն ժամանակ ավելի լավ կլինի։

Ես գովեցի նրա աշխատությունը, նա ուրախացավ և դարձյալ գնաց նստեց ճրագի մոտ։

Բայց Նենեի հետ խոսելու ժամանակ ես չէի նկատել, թե որպիսի խռովության մեջ էր գտնվում ծերունին, երբ նա լսեց իմ անունը՝ «Մուրադ»։

— Մուրա՞դ...,— կրկնեց նա խորհրդավոր ձայնով և դարձավ դեպի ինձ, հարցնելով.

— Դա ռուսի անուն չէ։

— Ապա ի՞նչ ազգի անուն է։

— Այդպիսի անուն կրում են հայերը։

— Ես էլ հայ եմ։

— Մի՞թե...,— ասաց նա և խորին մտածության մեջ ընկավ։

Ոչինչ հարկ չկար առաքինի ծերունու մոտ թաքցնել իմ ազգությունը. ես այդ անում էի միայն այն ժամանակ, երբ պետք էր խաբել մեկին։ Բայց այդ խրճիթի մեջ վերին աստիճանի անազնվություն կլիներ, եթե ես անկեղծ չլինեի։ Ծերունին ավելի հետաքրքրությամբ հարցրեց.

— Ո՞ր երկրից եք։

— Պարսկաստանից։

Նրա հետաքրքրությունը ավելի ևս գրգովեցավ։

— Ճշմարի՞տ եք ասում։ Ո՞ր գավառից։

— Սալմաստից։

— Ո՞Ր գյուղիվց։

— Սավրա գյուղից։

Այժմ տիրեց նրան մի տեսակ խռովություն, մի տեսակ սոսկում, որպիսին տիրում է այն մարդկանց, որոնք անգիտությամբ ընդունում են իրանց տանը մի անծանոթ հյուր, որին սկզբում լավ մարդ էին համարում, իսկ հետո հայտնվում է, որ նա անպիտանի մեկն է։ Երևում էր, որ ծերունին տեղեկություններ ուներ Պարսկաստանի կամ Սավրայի հասարակության մասին։ Նա հարցրեց.

— Ինչպե՞ս ձեր հոր անունը։

— Սաֆար։

— Իսկ մո՞ր անունը։

— Նազանի։