Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

— Ո՞ւմ աղջիկն էր ձեր մայրը։

— Նրա հայրը կոչվում էր Բարսեղ, իսկ մոր անունը Եղիսա էր։

Ծերունին բոլորովին գունաթափվեցավ։

— Ինչպե՞ս էր կոչվում ձեր պապը։

— Ալո, և մեր տոհմն նրա անունով կրում է Ալոյան ազգանունը։

— Որդի՜ս.. գոչեց ծերունին և մարեցավ կուրծքիս վրա։

Վերջին բառը նա արտասանեց հայերեն լեզվով։

Ես բոլորովին ապշած էի, կարծում էի, թե տեսածս երազ էր։ Մի՞թե դա իմ հայրն էր։ Այդ ի՞նչ անակնկալ դեպք էր մի այնպիսի խուլ, մոռացված տեղում, ձկնորսի մենավոր խրճիթի մեջ գտնել նրան, որը վաղուց արդեն մեռած կամ կորած էր համարվում յուր ընտանիքի համար։

Իմ աոաջին հոգսը եղավ նրան ուշքի բերել։ Խեղճը ամբողջ կես ժամ մնաց իմ գրկում անմռունչ, լեզուն կապվեցավ, միայն աչքերը բաց էր անում, նայում էր իմ վրա, իսկ երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ և դարձյալ ուշաթափ էր լինում։

Պառավը, որ այդ միջոցին նիրհում էր խրճիթի մի անկյունումա զարթնեց և, տեսնելով ծերունուն, սարսափի ճիչ բարձրացրեց ե սկսեց լաց լինել։ Ոչ սակավ վախեցավ և Նենեն։ Նա թողեց յուր կարը, վազեց իմ մոտ և անդադար հարցնում էր․— տեր աստված, այդ ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ նրա հետ։

Ես նրանց հանգստացրի, թե վտանգ չկա, թե անվնաս ուշագնացություն է, շուտով կանցնի։

Ես դեռ գրկած ունեի հորս ալևոր գլուխը, և անբախտ որդու ուրախության արտասուքը թրջում էր նրա ճերմակ մազերը։

Հանկարծ նա ուշքի եկավ և ոսկալի կատաղությամբ ինձ մի կողմ հրելով, աղաղակեց.

— Հեռո՜ւ, անզգամ... դու խաբում ես... խաչագողները միշտ խաբում են... ի՞նչ սատանայական նպատակ քեզ իմ խրճիթը բերավ... ես չեմ ուզում տեսնել ձեր գարշելի երեսը... բավակա՜ն է ո՛րքան տանջվեցա... ո՛րքան չարիքներ կրեցի ձեր ձեռքից...։ Ես չեմ հավատում...։ Դու իմ որդին չես... դու սուտ ես խոսում... դու խաբում ես ինձ... հեռո՜ւ այստեղից...։

Նա կրկին մոտեցավ, բռնեց իմ օձիքից և աշխատում էր բռնությամբ դուրս ձգել յուր խրճիթից։ Այդ միջոցին մեջ մտան Նենեն և պառավը և, գրկելով ծերունուն, տարան նստեցրին յուր տեղը։