Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/484

Այս էջը հաստատված է

Նա գլուխը քաշ գցեց, երկու ձեռքով բռներ յուր աչքերը և արտասվախառն հեկեկանքով սկսեց ինքն իրեն խոսել.

— Իմ Մուրադին ես չեմ տեսել... ես նրան մոր արգանդում թողեցի... այնուհետև հեռացա հայրենիքից և կրկին չվերադարձա այդ ապականված երկիրը․․։ Երբ իմ Մուրադը ծնվեց․ մայրը գրեց ինձ․ «ճիշտ քեզ նման է, քո օրինակն ու պատկերն է... աջ թևքի վրա մի սև խալ ունի, ինչպես դու ունես».․․։

Վերջին խոսքերը լսելու ժամանակ ես մոտեցա նրան և, աջ թևքս մերկացնելով, ցույց տվի․

— Նայեցեք, հայր, տեսեք այն խալը, որի մասին մայրս գրել էր ձեզ։

Նա աչքի լույսից զրկված Իսահակի նման սկսեց շոշափել իմ թևքը․ նրա վրա կար մի սև խալ արծաթյա փոքրիկ դրամի մեծությամբ։

— Մուրա՜դ․․․ զավա՜կս.., դո՛ւ ես, դու․․․,— ձայն արձակեց նա և գրկեց ինձ։

Երկար նա բաց չէր թողնում ինձ յուր թևքերի միջից, երկար նրա աչքերից հեղեղի նման հոսող արտասուքը թրջում էր իմ գլուխը։ Վերջը կարծես արյան հետ դուրս բխեցին նրա սրտից հետևյալ բառերը.

— Ա՜խ, ինչպե՞ս խաբեցին ինձ...։

Ո՞վ էր խաբել նրան, ո՞ւմն էին վերաբերում նրա խոսքերր,— այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Ես էլ չկամեցա հարցնել, որ ավելի չգրգռեմ նրա ցավերը։ Մի այնպիսի սարսափելի տանջանքի հազիվ կարող էր դիմանալ նրա զառամյալ սիրտը։ Անցյալի դառն և տխուր հիշողությունները, իսկ ներկայի անակնկալ ուրախությունը միօրինակ տանջում էին նրան։ Ես չկամեցա ավելի վրդովել նրա բորբոքված զգացմունքները, թող տվի, մինչև առավոտյան ամեն ինչ կպարզվեր։

Նենեն և պառավը զարմացած նայում էին մեզ վրա։ Մեր բոլոր խոսակցությունից նրանք ոչինչ չհասկացան, որովհետև մենք խոսում էինք մեր մայրենի լեզվով։ Նրանք կա՛մ լաց էին լինում, երբ տեսնում էին մեր արտասուքը, կա՛մ ուրախանում էին, երբ նկատում էին մեր ուրախությունը։

Գիշերից բավական անցել էր, երբ պառավը իմ օգնությամբ ծերունուն իր անկողնի մեջ դրեց։ Բայց նա չկարողացավ հանգիստ քնել։ Ամբողջ գիշերը անցկացրեց զառանցության մեջ. միշտ ա՛խ էր քաշում, արձակում էր դառն հառաչանքներ և լռում էր։ Իսկ շատ