Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/485

Այս էջը հաստատված է

անգամ ես լսում էի միևնույն խոսքերը. «ա՛խ, ինչպես խաբվեցա ես»։

Ես նստած էի նրա անկողնի մոտ և լի տխուր մտածություններով նայում էի անբախտ հոր տառապանքների վրա։ Արդյոք ի՞նչ մի դժոխային կետ կար այդ ողորմելի մարդու ճակատագրի մեջ, որ այնպես խռովեցնում էր նրան։ Ո՞վ գիտե, ինչեր էին անցել նրա գլխով, ո՞վ գիտե, յուր կյանքում որպիսի դառն արկածների էր հանդիպել նա, որ այնպիսի սոսկալի կերպով տանջվում էր, երբ հիշում էր դժբախտ անցյալը։

— Երևի դուք վատ լուրեր հաղորդեցիք նրան,— հարցրեց պառավը։

— Ընդհակառակն, իմ հաղորդած լուրերը խիստ ուրախալի էին։

— Ապա ինչո՞ւ այդպես խռովության մեջ ընկավ նա։

— Չգիտեմ։

— Այդպես շատ անգամ պատահում էր նրա հետ,— խոսեց պառավը։— Երբեմն ամբողջ օրերով պատառ հաց բերանը չէր դնում և ոչ գնում էր ձուկն որսալու, այլ անշարժ նստած խրճիթի դռանը, ժամերով նայում էր ծովի վրա, նայում էր անցուդարձ անող նավերին ու նավակներին և մտածում էր։ Ի՛նչ էր մտածում նա, ես այդ չգիտեի․ նա երբեք յուր սիրտը ինձ մոտ չէր բաց տնում, բայց ես շատ անգամ նկատում էի նրա աչքերում արտասուք։ Լինում էին օրեր, որ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր և մինչև անգամ հանաքներ էր անում։ Բայց հանկարծ, կարծես թե, մի չար ոգի անցավ նրա մոտով, և նա մտաբերեց մի ինչ-որ բան, և կրկին տխուր մռայլը պատում էր նրա դեմքը, սկսում էր հառաչել, սկսում էր անիծել յուր բախտը...։

Ամբողջ գիշեր մենք անքուն մնացինք։ Նենեն նույնպես չպառկեց քնելու, երբ տեսավ, որ ես նստած եմ։ Խեղճ աղջիկը չգիտեր ինչո՞վ փարատեր իմ տխրությունը։ նրան հայտնի չէր դժբախտ հոր և նույնքան դժբախտ որդու ցավալի անցյալը։ Նա չգիտեր, որ մենք աշխարհի ամենաթշվառ արարածներից մեկն էինք, անտուն, անհայրենիք, հալածված դառն հանգամանքների բռնությունից, թափառում էինք երկրե-երկիր, որպես մի արմատախիլ եղած, չորացած բույս, որին փոթորկային հողմի անգթությունը տարուբերում է յուր կատաղի հոսանքի հետ.․.։

Այո՛, Նենեն չգիտեր ինչով մխիթարել ինձ։ Որդին հանդիպում էր կորած, մոռացված հորը և, փոխանակ ուրախանալու, տրտմում