Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Այս էջը հաստատված է

— Լսիր, հայրիկ, թե ինչպես վարվեց նա մեզ հետ, այնտեղ, Պարսկաստանում, երբ վերադարձավ պանդխտությունից։ Նա լուր բերեց, թե դու մեռած ես և յուր հետ ուներ մի քանի խաչացողների նամակներ, որոնք նույնպես հաստատում էին քո մահը։ Նա բերել էր և քո ոսկյա մատանին, որի վրա փորագրված էր քո անվանական կնիքը։ Այդ հիշատակը հանձնեց նա իմ մորը։ Մորս ծանոթ էր այղ մատանին։ Մեր դրացի կնիկները համոզում էին նրան, որ թաղե մեր գերեզմանատան մեջ և քո անունով մի շիրիմ կանդնեցնե։ Բայց նա չէր հավատում մեզ հասած տեղեկություններին, նրան բավական հայտնի էին խաչագողների խաբեբայությունները։ Հետո Օհանը շատ անգամ գալիս էր մորս մոտ և իրան ցույց էր տալիս որպես մեր տան ամենալավ բարեկամը։ Վերջը նա առաջարկեց պսակվել մորս հետ, բայց մայրս մերժեց նրա առաջարկությունը։

— Ավազա՜կ,— դոչեց հայրս ատամները կրճտացնելով, — այստեղ հափշտակեց ոսկիներս, իսկ այնտեղ աշխատում էր խլել կնոջս..․։

Մի քանի րոպե մնաց նա տխուր լռության մեջ և ապա դարձավ ինձ այդ խոսքերով.

— Ահա այդպես են այդ չարագործները... զգուշացի՛ր, որդի, հեռու կացիր այդ մարդերից...։ Նրանց համար այս աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Ես էլ մի ժամանակ պատկանում էի այդ փչացած, անբարոյականացած հասարակությանը... ես էլ շատ տներ եմ քանդել, շատ ընտանիքներ եմ անբախտացրել, իմ ձեռքերս էլ մաքուր չեն մնացել անմեղների արյունից...։ Թո՛ղ այդ խրճիթը, հեռացիր, որդի, չարագործ հորից, որովհետև աստծո անեծքը կա նրա վրա...։

Խե՛ղճ հայր, նա դեռ չգիտեր, որ որդին էլ ընկած է նույն ցեխի մեջ։ Նա հարցրեց.

— Իսկ քեզ, որդի, ո՞ր բախտը ձգեց այս հեռավոր անկյունում:

Ես համառոտ կերպով պատմեցի վարպետիս դարբնոցում պատահած անցքը, մորս ինձ քավոր Պետրոսին հանձնելը, իմ գործունեությունը պանդխտության մեջ և վերջապես այն դեպքը, որ մեզ դեպի այդ անտառը բերեց և ձգեց դրամանենգների ընկերության մեջ։

Այդ բոլորը լսելու ժամանակ թշվառ ծերունին ավելի և ավելի սարսափում էր, մինչև նա կտրեց իմ պատմությունը, բացականչելով.

— Անբա՜խտ որդի, դու էլ կորա՞ծ ես...,— և արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա աչքերից։