Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է

— Ի՞նչպես թողնեմ նրա մոտ իմ այսքան տարվա վաստակը։ Ես ունեմ մեծ հարստություն, և բոլորը նրա մոտ է։

Նա պատասխանեց վրդովված ձայնով.

— Ձգի՛ր այն ապականված արծաթը, նա թույնից ավելի մահաբեր է։ Խաչագողի հարստությունը մի փոսի մեջ քամուց հավաքված ցամաք տերևների նման է. փչեց հակառակ քամին, և ահա նա ցրիվ եկավ։ Ավազակը երբեք չի հարստանա, նա այսօր հարուստ է, վաղը աղքատ։ Այդպես են բոլոր խաչագողները։ Շատ անգամ նրանք մեծ գումարներ են ձեռք բերում, շատ անգամ մի սև փող չունեն ծախսելու։ Որովհետև նրանք ոչ միայն սովոր չեն ազնիվ աշխատանքին, այլ նրանց ծանոթ չէ ո'չ փողի կանոնավոր կերպով վաստակելը և ոչ նրա տնտեսաբար սպառելը։ Թե՛ առաջինը և թե երկրորդը նրանց մոտ չափազանցության է հասնում և մեջտեղում մնում է միշտ ոչինչ, այսինքն աղքատություն։

Ես ոչինչ չպատասխանեցի, հայրս շարունակեց.

— Լսի՛ր, որդի, ով որ յուր կյանքում մի որևիցե հիվանդությամբ վարակված է լինում, երկար բժշկվելուց հետո, ինքը նույն հիվանդության բժիշկն է դառնում։ Ես այդ բոլորը փորձել եմ իմ կյանքում, իմ անձի վրա։— Փախի՛ր, հեռացի՛ր այդ մարդկանցից, որպես ժանտախտից, ազատության ուրիշ հնար չկա...։

Ես հարցրի հորիցս, երբ նրանք այս աստիճան ատելի էին, ինչո՞ւ էր նա յուր խրճիթը հիմնել նրանց բնակարանի մոտ։

— Նրանք նոր են եկել, ութ ամիս չկա, որ նրանք բույն են դրել այդ անտառների մեջ։ Իսկ ես բնակվում եմ այդ ծովի ափի մոտ ավելի քան վեց տարի։ Երբ նրանք հայտնվեցան, ես պատրաստվում էի հեռանալ այստեղից, բայց հիվանդությունս արգելք եղավ։ Ես պառկած էի, ես հիվանդ էի, մի քանի շաբաթ հազիվ կլինի, որ փոքր-ինչ հազիվ կազդուրվել եմ։

— Բայց ի՞նչը ստիպեց քեզ առանձնանալ այղ ծովի ափի մոտ։

— Դու լսեցիր իմ պատմությունը, թե ո՛րպես խաբվեցա ես, թե ո՛րպես դավաճանեց և կողոպտեց ինձ հավատարիմ ընկերը...։ Այն օրից ես ատեցի աշխարհը, հեռացա մարդկանցից և վճռեցի այդ մոռացված խրճիթում, այդ ծովի ափերի մոտ անցկացնել իմ դժբախտ ծերությունը...։

Ես խոստացա բաժանվել քավոր Պետրոսից, խոստացա թողնել այն հարստությունը, որ անարդար միջոցներով էր հավաքված, և ասեցի հորս. — Ես ընդունում եմ քո խորհուրդը, ես այլևս չեմ վերադառնա