Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/492

Այս էջը հաստատված է

այն մարդկանց մոտ և կմնամ այստեղ։ Բայց դու ևս, հայր, խոստացիր, որ մոլորված որդու հետ կվերադառնաս մեր հայրենիքը, կուրախացնես կարոտ մորս, կուրախացնես անտեր մնացած զավակներիդ։

— Խոստանում եմ,— պատասխանեց նա։— Ես հենց այս օրից կսկսեմ ճանապարհի պատրաստություն տեսնել։

Այդ միջոցին Նենեն և պառավը մոտեցան մեզ։

Հայրս դարձավ դեպի պառավը, ասելով.

— Գրկիր այդ երիտասարդին, դա իմ որդին է։

Նա ուրախությամբ սկսեց համբուրել ինձ։ Ոչ սակավ ուրախ էր և Նենեն։ Նա երեխայական հրճվանքով պտտվում էր իմ շուրջը, ծիծաղում էր, հանաքներ էր անում հորս հետ, շնորհավորում էր նրան, որ բախտ ունեցավ գտնել յուր որդուն, և ասում էր։

— Տեսա՞ր, պապա, եթե ես չլինեի, եթե Մուրադը ինձ այստեղ չբերեր, դու կարելի է, չտեսնեիր նրան։

Զ

ԸՆԿԱ ԾՈՒՂԱԿԻ ՄԵՋ

Ես վճռեցի երբեք չվերադառնալ քավոր Պետրոսի մոտ։ Երեք օր էր, հորս խրճիթից դուրս չէի եկել։ Ես դատապարտված էի նույն վիճակին, որպես Նենեն,— չերևալ խաչագողներին՝ մինչև այստեղից հեռանայինք։

Բոլոր ժամանակը ես և հայրս զբաղված էինք ճանապարհի պատրաստություններով։ Նենեն շատ ուրախ էր, անդադար շտապեցնում էր մեզ. «գնա՜նք, գնա՜նք, ասում էր, հեռանանք այստեղից»։ Պառավը նույնպես տխուր չէր երևում. նա շուտով հաշտվեցավ հորս հետ բաժանվելու մտքի հետ, երբ իմացավ, որ նա մի հեռու երկրում կին ունի, զավակներ ունի և ցանկանում էր, որ ծերունին գնա յուր ընտանիքը ուրախացնե։ Հայրս յուր խրճիթը բոլոր պարագայքով թողնում էր պառավին։

Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհի համար, մնում էր գրաստներ վարձել, տեղափոխվել մինչև մերձակա քաղաքը և այնտեղից փոստային սայլակներով առաջ գնալ։ Չորրորդ օրը վաղ առավոտյան ես ուղևորվեցա դեպի մոտակա գյուղը գրաստներ վարձելու համար։