Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

աղջկա համար խաբեցիր ինձ։ Նրա սերը խելքից հանեց քեզ, և դու վճռեցիր բաժանվել քո բարեկամից, որ այնքան տարի յուր որդու պես սնուցել էր քեզ։ Բայց աստված պատմեց քեզ քո ապերախտության համար. քո ճանապարհը կրկին դարձրեց դեպի մեր կողմը, որ այդ բանտին, այդ շղթաներին մասնակից լինես և դու։

— Այդ բանտը, այդ շղթաները իմ հին մեղքերի համար է,— պատասխանեցի ես։— Բայց եթե ես գործել եմ իմ կյանքում մի բարի գործ, այդ այն է, որ ես խաբեցի քեզ և չկատարեցի քո պատվերը՝ զրկել կյանքից մի անմեղ աղջկա։

— Որին դու սիրեցիր։

— Այո՛։

— Որը մեր բոլորին մատնեց։

— Այդ սուտ է, այդ զրպարտություն է։ Նա չէ մատնել ձեզ։

Նա պատասխանեց ինձ ավելի հանդիմանական եղանակով.

— Ի՞նչու ես խաբում ինձ, դու մի քանի րոպե առաջ ասում էիր, որ այլևս սուտ չի պիտի խոսես։ Միթե քեզ հայտնի չէ՞, որ այն աղջիկը սպառնացել էր մատնել ամբողջ ընկերությունը․ այդ պատճառով էլ վճռել էին սպանել տալ նրան։ Մի դիպվածով դու նրա կյանքը ազատեցիր և դրանով միջոց տվեցիր նրան կատարելու յուր վրեժխնդրությունը։

— Բոլորովին սխալ է ձեր ենթադրությունը,— պատասխանեցի ես։— Սեղանից բաժանվելուց հետո, եթե դուք հանձնել էիք «էշի ականջին» լրտեսել իմ գործողությունները,— այն ևս պետք է լավ հայտնի լինի ձեզ, որ այն աղջիկը ձկնորսի խրճիթից ոչ մի տեղ չի հեռացել, ուրեմն և չէր կարող մատնել ձեզ։

—«էշի ականջը» գտավ քեզ ձկնորսի խրճիթում քո բացակայությունից երկու օր հետո, նա չէր կարող տեղեկություններ հավաքել. թե մինչև այն օր թե՛ դու և թե այն աղջիկը ի՛նչպես էիք անցուցել։

Մեր վիճաբանությունը քավոր Պետրոսի հետ տևեց երկար, ես դարձյալ չկարողացա համոզել նրան, թե Նենեն մեղավոր չէ մատնության գործի մեջ։ Հանգամանքները ինքնըստինքյան այնպես էին կազմվել, որ Նենեի կարծիքական վարմունքը հավանական էին դարձնում։ Այդ անբախտ աղջիկը ընկել էր խաչագողների ձեռքը. նրան չարչարել էին. նա սպառնացել էր, եթե իրան բաց չթողնեն, կմատնե նրանց․ այդ երկյուղը առիթ էր տվել խաչագողներին սպանելու նրան. ես ազատեցի նրա կյանքը, և մի քանի օրից հետո կատարվեցավ մատնությունը, խաչագողներին կալանավորեցին։