Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/500

Այս էջը հաստատված է

— Էգուց կսկսվի մեր հարսանիքը,— ասում էր մեկը հիշեցնելով քննության սկսվելը։

— Տո՛, Հարո, այդ քանիերո՞րդ անգամն է, որ ոտներդ հագնում ես այդ զանգուլակները,— հարցնում էր մի մանկահասակ խաչագող ծերունի ընկերից, ցույց տալով նրա շղթաները։

— Սատանան գիտե, մոռացել եմ հաշիվը,— պատասխանում է ծերունին ինքնաբավական ժպիտով։

— Դու նրանից այդ հարցրու, թե քանի՞ անգամ փախել է «կարմիր տնից»,— մեջ մտավ մի կարճահասակ խաչագող։

«Կարմիր տունը» կոչում էին նրանք Սիբիրը։

— Այդ հարցնելու հարկ չկա,— պատասխանեց աոաջինը,— չե՞ս մտածում, հաշիվը ճակատի վրա գրած է, երկու դրոշմ, կնշանակե երկու անգամ։

— Այս անգամ երրորդ դրոշմը,— պատասխանեց ծերունի Հարոն, շարունակելով յուր ժպիտը.— երեք դրոշմ, վատ չէ, խորհրդավոր թիվ է։

Այդ ժամանակ դեռ գործադրվում էր այն օրենքը, որ աքսորականներին ճակատի վրա դրոշմ էին դնում։

— Ապա դու ի՞նչպես փախար բերդից,— հարցրեց մեկը յուր ընկերից, որին կոչում էին Զաքո։

— Այդ ի՞նչ մի զարմանալու բան է,— պատասխանեց Զաքոն,— շատ հեշտ կերպով։ Ինձ դրեցին բերդը։ Ընկերս, որ ավելի հանցավոր էր, քան ես, չբռնվեցավ։ Նա յուր հագուստն ու կերպարանքը փոխեց և, իրան ձևացնելով իմ ազգական, թույլ տված օրերում գալիս էր ինձ տեսության։ Ամեն անգամ բերում էր ինձ համար սպիտակ հաց և այլ ուտելիքներ։ Վերջապես հասավ զատկի տոնը, որ կալանավորների վրա թափում է յուր ողորմությանը։ Բարեպաշտ մարդիկ իրանց տան պատրաստությունից նրանց համար բաժին են ուղարկում։ Այդ տոնին չմոռացվեցա և ես։ Ընկերս բերեց ինձ համար մի ամբողջ հաց ու սառը փլավ։ Այդ երկրի հացերը, փառք աստծո, մեր բարակ և թափանցիկ լավաշները չեն, նրանք այնքան ահագին են, որ ամեն բան կարելի է նրանց մեջ թաքցնել։ Հացի մեջ դրած էր փոքրիկ սղոց և աբրեշումի երկայն պարան։ Առաջինը բավական էր բանտի լուսամուտներից մեկի երկաթյա վանդակապատը կտրելու, իսկ երկրորդով այնտեղից ցած իջնելու։

— Իսկ պահապանները չնկատեցի՞ն։

— Զատկի տոնին մի՞թե կարելի է մի պահապան գտնել, որ հարբած չլինի։