Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/502

Այս էջը հաստատված է

Իմ ընկերները նույնպես աքսորանքի դատապարտվեցան, բայց նրանք այնպես տխուր չէին, որպես ես․ նրանք ավելի զայրացած էին երևում, քան թե տրտում։

Շրջապատված զինվորներով, դատարանից կրկին տարան ինձ բանտը։ Երբ հասցրին բերդի դռանը, դեռ ներս չմտած, իմ ետևից մի ճիչ, մի ցավալի աղաղակ բարձրացավ։ «Ես պետք է տեսնեմ նրան․․․ մի՞թե դուք գութ չունեք... մի՞թե դուք աստված չունեք․․․ մարդիկ, ինչո՞ւ են արգելում ինձ... ես պետք է տեսնեմ նրան... թողե՜ք, որ տեսնեմ նրան»․․․։

Ես հետ նայեցա։ Այդ խոսքերը լսվում էին մի աղջկա բերնից, որ պատառոտած հագուստով, հերարձակ, այս կողմ և այն կողմն էր ընկնում, աշխատում էր պատռել զինվորների շարքը և մոտենալ ինձ։ Պահապանները հրացանների սվիններով հեռացնում էին նրան, բայց նա դարձյալ առաջ էր մղվում։

Որքան և խռովության մեջ լինեի այն րոպեում, որքան և իմ գլուխը և խելքը ինձ չէին պատկանում, այսուամենայնիվ, այն սրտաշարժ պատկերի մեջ ես ճանաչեցի Նենեին։ Խե՜ղճ աղջիկ, ո՞րտեղից հայտնվեցավ նա.․․։

Նրա աղաղակից դուրս եկավ բանտապահը։

— Դարձյալ այն ցնորված աղջիկն է,— ասաց նա և հրամայեց հեռացնել։

Երևում էր, որ Նենեն առաջին անգամ չէր, որ խնդրում էր` իրան թույլ տան բանտը մտնելու։ Նրան արդեն ճանաչում էին։ Նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց։

— Պարոն բանտապահ, ես ցնորված չեմ․․․ ի սեր աստծո, գթացեք իմ վրա, թույլ տվեցեք, որ տեսնեմ նրան․․․։

— Ո՞ւմ տեսնես։

— Այն կալանավորներին, որ տանում են․․․։

— Դու ո՞վ ես։

— Ես նրա բարեկամն եմ... թողեք տեսնեմ նրան... մի՞թե դուք աստված չունեք... եթե չթողնեք, ես դատավորի մոտ կգնամ... թագավորի մոտ կգնամ..․։

— Ավելի լավ կլինի, եթե գժատունը գնաս,— հեգնությամբ պատասխանեց բանտապահը և հրամայեց հեռացնել։

Նրա անգթությունը ավելի վշտացրեց ինձ, քան իմ դատապարտության վճիռը, որ այն օր կարդացին դատարանում։ Ինձ ներս տարան, դռները փակվեցան իմ ետևից, ես այլևս ոչինչ չլսեցի...:

Ամբողջ օրը խելագարի նման էի։ Ես բոլորովին մոռացել էի