Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

րոպեում իմ ականջներին հասնում էր դժբախտ աղջկա ձայնը.․․» Այդ ողբալի ձայնը այնքան մխիթարական էր, որ ես այլևս չէի զգում հարվածների սաստկությունը։ Ես երջանիկ էի, որ այս աշխարհում գոնե կար մեկը, որ սիրում էր դատապարտյալին, որ գիտեր, թե նա անմեղ է.․․։


Բայց ամբոխը ծաղրեց նրան։ Ամեն կողմից լսելի էր լինում․ «դա այն խելագար աղջիկն է».․․։


Թե ի՞նչով վերջացավ իմ փորձությունը, թե ի՞նչ դրության մեջ ինձ հետ բերեցին պատժարանից,— ես չեմ հիշում, միայն այսքանը գիտեմ, երբ առաջին անգամ աչքերս բաց արի, ինձ քաղաքի հիվանդանոցի մեջ գտա։ Իմ մահճակալի մոտ կանգնած էր բավական մաքուր հագնված, ակնոցավոր երիտասարդ, որի խելացի դեմքի յուրաքանչյուր գծերից արտափայլում էր բարություն և ազնվություն։ Նա ժամացույցը ձեռին բռնած, հաշվում էր իմ երակի զարկը։

— Այժմ հույս կա․․․։ Ճգնաժամը անցած պետք է համարել...,— ասաց նա ինքն իրան մի առանձին բավականությամբ։

Երիտասարդը բժիշկ էր. նա մի քանի պատվերներ տվեց յուր օգնականին և հեռացավ։

Մի քանի շաբաթից հետո բժիշկը գտավ ինձ ավելի առողջ։ Մտրակների հարվածներից գիշատված մարմնիս վերքերը այնքան բարվոքվել էին, որ ես կարողանում էի առանց ցավ զգալու մի կողմից մյուսի վրա շուռ գալ։ Իսկ ջերմը դեռ չէր անցել։ Իմ երևակայությունը թեև արթուն էր, բայց գտնվում էր դեռ գրգռված դրության մեջ։

Գեղեցի՜կ բան է ուղեղի այդ դրությունը։ Կյանքի բոլոր լավ և վատ տպավորությունները, որոնք նրա ծալքերի վրա մնացել էին անջնջելի, բայց որոնք բոլորովին ջնջված, անհետացած էին համարվում,— հանկարծ կենդանանում են, կերպարանագործվում են և երևան հանում վաղեմի մոռացված պատկերները...։

Ես ինձ տեսնում էի իմ հայրենիքում, այն հասակում, երբ դեռ պատանի էի, մի անմեղ և բախտավոր պատանի, որի օրերը անցնում էին անհոգ դատարկությամբ։ Բախտավոր էի նրա համար, որ դեռ միամիտ էի, դեռ չէի հասկանում աշխարհի չարն ու բարին։ Մայրս խրատում էր ինձ, ցույց էր տալիս կյանքի ավելի ուղիղ ճանապարհը։ Բարեսի՞րտ մայր, ես այս րոպեիս տեսնում եմ քո միշտ