Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է

արտասուքով լի աչքերը, քո միշտ տխուր դեմքը, որ երբեք չէր ժպտում։ Աղքատությունից սպանված, ամուսնուց զրկված, ընտանիքի հոգսերի տակ ճնշված այդ դժբախտ կինը դարձյալ չէր մոռանում յուր զավակների օրինավոր դաստիարակությունը։

Հետո տեսնում էի ինձ վարպետիս դարբնոցում։ Դատարկամոլ պատանին սովորում է աշխատանքի։ Գործը հաջողություն է գտնում իմ ձեռքում։ Աշխատանքը, երեսի քրտինքը օրըստօրե ավելի կազդուրում են իմ ջղերը, ավելի բորբոքում են իմ եռանդը։ Սիրտս ուրախ է, խիղճս հանգիստ է, որովհետև ես կարողանում եմ իմ արդար վաստակով օգնել ոչ միայն ինձ, այլև այն անձինքներին, որոնք իմ օգնությանը կարոտ էին։ Մայրս, քույրերս ապրում են իմ ձեռքի արդյունքով։

Այնտեղ, այն դարբնոցի մուխի և սև փոշու մեջ ծագում է ինձ երանության առավոտը... յուր բոլոր վարդակարմիր գեղեցկությամբ երևան է գալիս սիրո արեգակը... նա սփռում է իմ հոգու մեջ լույս և ջերմություն...։ Մի նազելի օրիորդ հպեցնում է իմ սրտին յուր կախարդական մատը, և իսկույն նրա մեջ բոցավառվում են սիրո սրբազան կայծերը...։ Այդ ժամանակ երջանիկ էի ես, երջանի՜կ էի, որովհետև գործում էի, աշխատում էի և սիրում էի...։

Հանկարծ երջանկության արեգակը սկսում է խավարել..․ չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով մոտենում է ինձ, խելքից հանում է, մոլորեցնում է... ես շինում եմ աղետալի բանալին... այդ բանալին բաց է անում իմ առջև կորստյան ճանապարհը.... Վարպետիս դարբնոցում կատարվում է սարսափելի բարբարոսություն... ես փախստական եմ լինում...։

Մի խումբ գլխից ձեռք վեր առած պատանիներ, թաքնված անտառի անհայտության մեջ, ընդունում են ինձ իրանց գաղտնի ընկերության մեջ։ Այստեղ, մարդկային բնակությունից հեռու, ծառերի և թուփերի ամայության մեջ, ես առաջին անգամ սկսում եմ ճանաչել և սիրել հրաշալի բնությունը։ Առաջին անգամ հրապուրում է ինձ սոխակի քաղցրիկ ձայնը, առաջին անգամ ծաղիկները գրավում են ինձ իրանց անմեղ֊ողջախոհական գեղեցկությամբ։ Իմ մանկահասակ ընկերների ուրախ և մշտազվարթ հասարակությունը, նրանց անկեղծ բարեկամությունը, նրանց անձնվեր մտերմությունը առժամանակ հանգստացնում են սրտիս ցավերը, առժամանակ մոռանալ են տալիս ինձ այն սարսափելի դժբախտությունը, որին ենթարկված էի ես և իմ պատճառով շատերը...։ Սիրելի ընկերներ, ո՞րտեղ եք այժմ դուք, երանի՜ թե բաժանված չլինեի ձեզանից,