Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

ուժգին ընթացքը... բայց իզուր, ես արդեն հասած էի մինչև անդունդի հատակը...։

Այդ հոր փրկարար ձեռքն էր, որ աշխատում էր ազատել ընկած որդուն... այն Նենեի կախարդական ձեռքն էր, որ աշխատում էր սովորեցնել նրան սիրել բարին և գեղեցիկը․․․։

Իմ կորստյան խորին անդունդի մեջ հայտնվում է մխիթարական ոգին,— մի անարգված և հալածված ցեղի անմեղ դուստրը։ Սիրո հրեղեն կայծակը փայլատակում է իմ սրտի խավարի մեջ և, կարծես, երկնային կրակով զտվում, մաքրվում են իմ վատ կրքերը ամեն ախտերից։ Ես սկսում եմ դարձյալ սիրել... սիրել այն ժամանակ, երբ իմ ոտներին կրում էի դատապարտյալի ծանր շղթաները, երբ իմ ճակատի վրա դրված էր աքսորականի սև կնիքը...։

Ո՜վ սեր, ո՜վ դու երկնային զորություն, որ ծավալում ես թշվառականի հոդում կյանք և խաղաղություն, որ ամրացնում ես նրա կամքը և լցնում ես նրա սիրտը պայծառ հույսերով,— և այնուհետև բանտի խավարը, երկաթի կապանքների ծանրությանը այլևս զգալի չէ լինում նրան...։

Աշխարհից կտրված, որպես մի անպետք մարմին ձգված եմ այդ գերեզմանի մեջ։ Ինձ չէ տաքացնում արևը յուր ջերմությունով․ ինձ համար փակված է արտաքին կյանքը։ Բայց մի արարած, անմարմին ուրվականի պես, հետևում է ինձ... և այս րոպեիս նա կանգնած է իմ առջև յուր գեղեցիկ, արտասվալի աչքերով...։ Ա՜խ, որքան մխիթարական է այդ արտասուքը... նա թափվում է մի թշվառականի համար, որին ամենքը ատում են...։

«Նենե՛, նազելի Նենե՛, հեռացի՛ր, մի՛ մոտենար ինձ..․ իմ շունչը կարող է թունավորել քեզ...․ մի՛ մոտենար ինձ... ես չեմ կարող գրկել քեզ... իմ ձեռքերը արյունոտ են...։ Անմե՜ղ երեխա, ի՜նչ է ստիպում քեզ կապվել մի թշվառականի հետ, որ արժան չէ ոչ քո սերին և ոչ քո արտասուքին...։ Գնա՛, հեռացի՛ր, թո՛ղ տուր ինձ... մեր բոլոր կապերը կտրվեցան այն րոպեից, երբ կարդացին իմ դատապարտության վճիռը»...։

«Գնա՛, ո՛վ դու բնության ազատ դուստր, բաց աշխարհում լայն է քո ասպարեզը... գնա՛, թափառի՛ր երկրե֊երկիր, գուշակի՛ր մարդիկների բախտը, ցույց տուր նրանց չարն ու բարին, նրանք գուցե հաց կտան քեզ»...։

Մինչ ես այդ զառանցությունների մեջ էի, մի ձեռք դիպավ ճակատիս։ Աչքերս բաց արի տեսա՝ մահճակալիս մոտ կանգնած էր