Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/516

Այս էջը հաստատված է

խնամատար չունի։ Ամեն տեղ հալածում են նրանք ամեն մարդ խելագար է համարում նրան, և ոչ ոք չէ խղճում անբախտին.․.։

— Նա խելագար չէ,— ընդմիջեց բժիշկը։

— Աղաչում եմ, խղճացեք նրա վրա, ընդունեցեք ձեր պաշտպանության ներքո, նա շատ լավ աղջիկ է։

— Ես առանց ձեր խնդրելու ևս այդ պիտի անեմ,— պատասխանեց երիտասարդը և վեր կացավ։

Ես պատրաստվում էի բռնել նրա ձեռքը, հայտնել իմ անչափ, անսահման շնորհակալությունը, բայց ուշադրություն չդարձրեց և շտապով հեռացավ։

Թ

ԱՔՍՈՐ

Անցան մի քանի ամիսներ ևս։ Մենք բոլորովին առողջ էինք, առողջ այն չափով, որ կարող էինք դիմանալ ճանապարհի ծանրությանը և ուղևորվել դեպի հեռավոր հյուսիս։

Առավոտ էր։ Մի խումբ դատապարտյալների հետ, շրջապատված զինվորներով, մեզ դուրս էին տանում քաղաքից։

Այդ տխուր տեսարանը շատ նման էր դագաղների հուղարկավորությանը դեպի գերեզմանների լռությունը։ Ծնողների, քույրերի, եղբայրների լացը, նրանց հառաչանքը միախառնվում էր իրանց կորցրած բարեկամների շղթաների հնչյունների հետ։

Այո՛, տխու՜ր տեսարան էր և ավելի տխուր, քան թե մահը։ Այդ դեպքում մարդը կենդանի է մեռնում և դեռ կենդանի կտրվում են նրա հարաբերությունները աշխարհի և բարեկամների հետ։ Բայց նրա զգացմունքները դեռ մեռած չեն. նրա վրա ազդում են շրջապատող երևույթները։ Իսկ դագաղի մեջ դրած մարմինը ավելի բախտավոր է. նա չէ զգում, չէ հասկանում, թե ինչ է կորցնում։ Մի փոս և սառ հողը պարգևում են նրան հավիտենական խաղաղություն։

Աքսո՜ր, ի՛նչ սոսկալի միտք է բովանդակում յուր մեջ այդ բառը։ Հազարավոր մղոններ չափել շղթայակապ ոտներով, պատերազմել դառնաշունչ մրրիկների դեմ, որոնք հսկա եղևնիները խլում են արմատից, պատերազմել ցրտի հետ, որի սաստկությունից ահագին ժայռերը ճաքճքում են, պատառ֊պատառ են լինում, մաշվել,