Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/518

Այս էջը հաստատված է

չկարողացա։ Դա այն տխուր և ծանր գիշերներից մեկն էր, երբ ամեն հույս կորած էր, երբ ամեն ինչ վերջացած էր և մեզ, ամեն մեկիս, հայտնի էր յուր թշվառ վիճակը։

Շուտով դատապարտյալներից ոմանք սկսեցին նիրհել, ոմանք տարածվեցան մերկ հատակի վրա, փորձում էին քնել, ոմանք դեռ նստած, խորին ինքնամոռացության մեջ մտածում էին։ Նկուղի մեջ տիրում էր գերեզմանական լռություն։ Միայն յուղային ճրագը ճրթճրթալով մի առանձին չարագուշակ ձայն էր արձակում և յուր շուրջը տարածում էր աղոտ լուսավորություն։ Սենյակի օդը տոգորված բորբոսային խոնավությամբ, անկարելի էր շնչել։ Ճրագն անգամ դժվարանում էր վառվել նրա մեջ։ Դրսում անցուդարձ էր անում պահապան զինվորը, և մենք լսում էինք նրա քայլերի ձայնը։

Իմ ընկերները այժմ հաշտվել էին ինձ հետ։ Նրանց կասկածը թե՛ իմ և թե՛ Նենեի վերաբերությամբ բոլորովին փարատված էր: Որովհետև քննությունների ժամանակ գործերից երևաց, որ ոչ ես և ոչ Նենեն չէինք մատնել նրանց, որպես կարծում էին, այլ մատնել էր մի հրեա, որ նրանց փորագրիչն էր։ Հրեան նույնպես դատապարտության ենթարկվեցավ։

Բայց ինձ գրավել էր այն միտքը, թե ո՞րտեղ մնաց քավոր Պետրոսը, ո՞ւր կորավ այդ սատանան։ Այդ միջոցին մոտեցավ ինձ ընկերներիցս մեկը, որը հասակակից էր ինձ հետ։ Այդ երիտասարդը հայտնի էր մեր մեջ յուր դյուրեկան և ուրախ բնավորությամբ։ Նա նստեց ինձ մոտ։

— Ո՞ւր մնաց քավոր Պետրոսը,— հարցրեցի նրանից։

— Նրան գրեցին մեռածների թվում...,— պատասխանեց նա։

— Ի՞նչպես։

— Այնպես։

— Ես ոչինչ չեմ հասկանում։

Երիտասարդը սկսեց ծիծաղել իմ միամտության վրա։— Գանահարությունից հետո,— պատմեց նա,— քավոր Պետրոսը, ինչպես մեզանից ամեն մեկը, բանտի հիվանդանոցը տարվեցավ։ Այստեղ նա դիտմամբ սկսեց երկարաձգել յուր հիվանդությունը, մինչև առիթ ունեցավ ծանոթանալու բանտապահի հետ։ Շուտով կարողացավ նա շոշափել այդ մարդու թույլ կողմերը և մանավանդ մի դեպք հեշտացրեց նրան օգուտ քաղել նրա թույլ կողմերից։ Բանտապահը ծախսել էր արքունի փողեր և այդ պատճառով ոչ միայն դատի պիտի ենթարկվեր, այլ կկորցներ և յուր պաշտոնը, եթե մի տեղից փողի պակասը չլրացնի։ Քավոր Պետրոսը հասկանում է նրա անել