Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/521

Այս էջը հաստատված է

— Բայց լինում են րոպեներ, երբ Սիդոր Սիդորիչը դառնում էր և ժիր, և աշխույժ։ Դա այն ժամանակ էր լինում, երբ նրա կինը ընդունում էր մի հարգելի հյուր։ Հարգելի հյուրը նրա նախկին մեծավորն էր։ Երբ այդ մարդը հայտնվում էր, այն օրը Սիդոր Սիդորիչի համար տոն էր։ Նա խիստ եռանդով հեռանում էր յուր նվիրական անկյունից, երբ նրան փող էին տալիս, ուղարկում էին փողոց, որ ուտելիքներ և խմելիքներ գնե։ Ո՞րքան ուրախ էր լինում նա։ Դեռ ճանապարհին, դեռ ըմպելիքները տուն չհասցրած, Սիդոր Սիդորիչը յուր կոկորդը ըստ կարգին փափկացնում էր։ Սեղանը պատրաստվեցավ։ Տիկինը հարգելի հյուրի հետ ուտում խմում է, զվարճանում է։ Սիդոր Սիդորիչը խիստ եռանդով պտտվում է սեղանի շուրջը, աշխատում է ամեն տեսակ սպասավորություն ցույց տալ։ Նա մեծ բավականությամբ խմում է հարգելի հյուրի կենացը, երբ բաժակը նրա ձեռքն է հասնում։ Կերուխումը տևում է երկար։ Բայց Սիդոր Սիդորիչը մինչև ընթրիքի վերջը սպասելու համբերություն չունի։ Նա օրորվում է, գլուխը լավ դրության մեջ չէ, կինը նրա ձեռքից բռնելով նստեցնում է հնոցի մոտ, այնտեղ սկսում է մրափել։ Տիկինը շարունակում է հարգելի հյուրի հետ ժամանակ անցկացնել։

— Սիդոր Սիդորիչը թեև ապրում էր կնոջ ողորմությունով, նրա կոշիկների տակ, և մոռացած յուր բոլոր արժանավորությունները, բայց մի բանով միշտ պարծենում էր նա, որ ինքը այր է, իսկ նա կին։ Այդ ինքնաճանաչությունը ավելի հայտնվում էր նրա մեջ այն ժամանակ, երբ կինը շարժում էր նրա բարկությունը։ Եվ այդ պատահում էր խիստ հաճախ, երբ Սիդոր Սիդորիչը տանից մի բան էր գողանում և տանում էր գինետունը։ Կինը սկսում էր նախատել, հայհոյել նրան։ Իսկ Սիդոր Սիդորիչը հիշելով, որ ինքը այր է, խլում էր պատահած առարկան և զարկում էր կնոջ գլխին։ Երբեմն դրաման վերջանում էր արյունով։ Այսպիսի դեպքերից մեկն էր, որ առիթ տվեց Սիդոր Սիդորիչին բանտի մեջ ընկնել։ Կինը ուրախ էր, որ ազատվեցավ յուր անախորժ բեռնից, իսկ Սիդոր Սիդորիչը շատ չտխրեց, որ նրան մի այլ տան մեջ փոխադրեցին։

— Այստեղ նա բոլորովին մոռացավ, թե՛ ինքը յուր համար և թե յուր ընտանիքի համար։ Նա մոռացել էր մինչև անգամ, թև որ քան ժամանակով բանտարկել էին իրան։ Հիմա նրան աքսոր են ուղարկում, դարձյալ չգիտե, թե ինչո՛ւ համար են ուղարկում, և զարմանալին այն է, որ հետաքրքրություն ևս չունի գիտենալու, հրամայում են, նա խոնարհվում է։ Խոնարհվելու ընդունակությունը