Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

սաստիկ զարգացած է նրա մեջ։ Նա երբեմն հանդուգն է միայն դեպի յուր կինը, բայց հլու է դեպի ամեն մի օտար մարդ։

Իմ երիտասարդ ընկերոջ նկարագրությունը Սիդոր Սիդորիչի մասին այն աստիճան գրավեց իմ ցավակցությունը դեպի այդ թշվառը, որ ես հարցրի նրանից.

— Ուրեմն դու որևիցե զեղծում ես գտնում այդ մարդու դատապարտության գործում։

— Այո՛, նույնպիսի մի զեղծում և նույն մարդու ձեռքով կատարված, որ քավոր Պետրոսի անունը արձանագրեց մեռածների ցուցակի մեջ։— Սիդոր Սիդորիչը աքսորվում է մի ուրիշ հանցավորի փոխարեն, որին վաղուց բաց են թողել։

— Իսկ եթե մի օր նրա կինը կմտածե որոնե՞լ յուր ամուսնուն։

— Այն ժամանակ նրան էլ կգրեն բանտում մեռածների ցուցակում։

Դատաստանական վերանորոգություններից առաջ այս տեսակ զեղծումներ շատ էին պատահում, և ես զարմանում էի, թե ինչո՞ւ քավոր Պետրոսը մտածեց միայն յուր ազատության համար, իսկ յուր ընկերների մասին հոգս չտարավ։

— Նա իրան ազատեց, որ ավելի դյուրություններ ունենա մեր մասին հոգ տանելու,— պատասխանեց երիտասարդը։— Նա կգա մեր ետևից և մինչև մեզ չազատե, չի հանգստանա։

Երիտասարդը չծածկեց ինձանից, հայտնեց այն ամբողջ ծրագիրը, որ խաչագողները կազմել էին իրանց մեջ, թե ի՛նչ միջոցներով պետք է փախչեն կես ճանապարհից, ապա հարցրեց.

— Կմիանա՞ս մեզ հետ։

— Ո՛չ,— պատասխանեցի ես։

Նա սկսեց զարմացած նայել իմ երեսին։

— Ուրեմն դու քեզ կորցնե՞լ ես ուզում։

— Ավելի լավ է մաշվել հանքերում, քան թե կրկին միանալ ձեզ հետ։

— Շատ կփոշմանես...— ասաց նա և վշտացած հեռացավ ինձանից։

Մենք բոլոր ժամանակ խոսում էինք հայերեն, այն ևս խաչագողի բարբառով, և կասկած չունեինք, որ կհասկանան մեզ։

Գիշերից բավական անցել էր. հոգնած դատապարտյալները բոլորը խորին քնի մեջ էին։ Բայց քունը, տխուր սրտի միակ մխիթարությունը, ինձ մոտ չէր գալիս։ Դարձյալ ինձ երևում էր Նենեն, ինձանից չէր հեռանում անբախտ աղջկա սգավոր պատկերը...։