Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

նա երևում էր յուր մորը միայն առավոտը, ճաշին և ընթրիքի ժամանակ, և մեկ էլ` երբ նրանց մոտ հյուրեր էին գալիս։ Մայրը հարցնում էր նրան, թե ինչ է շինում նա ամբողջ օրը յուր սենյակում փակված։ Օրիորդը պատասխանում էր՝ «զբաղված եմ»։

Նա անդադար կարդում էր և կարդում... և այդ բանաստեղծական գրքերի անհատական աղբյուրից ձևակերպում էր նոր գաղափարներ:

Այդ գաղափարները, օրըստօրե տպավորվելով և կերպարանագործվելով նրա թարմ ուղեղի մեջ, ծնեցին նրա գլխում երևակայական ցնորքներ, որ շատ անգամ արթուն կամ քնի մեջ ևս երազում էր։

Երբեմն գիշերային քաղցր երազների մեջ նրան պատկերանում է մեծահանդես բալ: Դահլիճը լուսավորված է կուրացուցիչ փայլողությամբ։ Հանդիսականներր եռ են զալիս գույնզգույն հագուստներով։ Մետաքսը, շալը, ոսկին, արծաթը և գոհարեղենները, արհեստի վայելուչ հարմարությամբ, վառվում են, խշխշում են և ալեկոծվում...։

Մեր երազամոլ հերոսուհին, վառված ադամանդներով ու պճնված գեղեցիկ հագուստներով, սիգաճեմ ընթացքով մտնում է բալի դահլիճը։ Բազմությունը դղրդում է։ Բոլորի ուշադրությունը դառնում է դեպի նա։ «Ահա գեղեցկության դիցուհին»,— լսելի են լինում հիացման ձայներ։ Մուզիկան հնչում է, պարահանդեսը փոթորկվում է։ Մի կարճլիկ տղամարդ, հաստ փորով և ուռած թշերով, առաջարկում է օրիորդին յուր ձեռքը՝ պարելու։ Նա հրաժարվում է։ Մոտենում է մի այլը՝ մեծ էպոլետներով և օրդեններով պատած կուրծքով։ Նա դարձյալ հրաժարվում է։ Մոտենում է քաղաքավարությամբ մի այլը՝ պճնազգեստ երիտասարդ, բարձրահասակ, նրբակազմ, գանգրահեր և խիստ գեղեցկադեմ։ Օրիորդը կանգնում է։ Նրանք պտտվում են որպես անիվ։ Մի քանի անգամ օրիորդի փափուկ կուրծքը և կիսամերկ բազուկները հեզիկ շփվում են յուր պարընկերի թևերին։ Օրիորդը յուր մարմնի բոլոր կազմության մեջ զգում է էլեկտրական ցնցողություն։ Պարի ձևը փոխվում է։ Օրիորդը իրան ձևացնելով թե հոգնեց, նստում է։ Նրա պարընկերը շնորհալի կերպով մոտեցնում է նրան աթոռ։ Օրիորդը իր գոհությունը հայտնում է գլխի հեզիկ շարժումով։ Պարընկերը չի հեռանում նրանից։ Օրիորդը լսում է նրանից մի քանի քնքուշ խոսքեր․․․