Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/532

Այս էջը հաստատված է

բոլորովին հափշտակված էր չուր զգացմունքների մեջ, և գործը համարյա մեքենաբար էր կատարվում նրա ձեռքում:

— Վասո, չե՞ս պրծնում, — հարցրի նրանից։

— Է՜հ, թող անիծե՜ աստված այդ անպիտանները, սաղ տեղ չէ մնացել, կարում ես, կարում, էլի էն է ու էն:

— Մեկ հատը ինձ տուր, ես կօգնեմ քեզ:

— Շնորհակալ եմ, դու միայն ճրագը մոտ բռնիր, ես կկարեմ:

Ես նկատեցի, որ Վասոյի խնդիրը խիստ կարևոր էր. ճրագի մոմը, որ նա կպցրել էր հատակի աղյուսի վրա, այնքան սպառվել և կարճացել էր, որ լույսը կոշիկների վրա չէր տարածում և այսպիսով դժվարացնում էր նրան աշխատել։ Ես վեր առի մոմը, բարձր բռնեցի, նա շարունակեց կարել։

Բայց ինձ հետաքրքրում էր այն, թե ի՞եչ պատճառով աքսորեիցին նրան:

— Ես սպանեցի իմ պարոնին, — պատասխանեց նա։

— Ինչո՞ւ համար։

— Երկար է, շատ երկար, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի պրծնի։

— Միևնույն է։ Դու խո չես քնում, իմ քունն էլ չէ տանում, դու պատմիր, ես կլսեմ, այսպիսով ավելի կարճ կլինի գիշերը:

Նա սկսեց պատմել.

«Ես Է... իշխանի ճորտերից էի։ Նա շատ վատ մարդ էր, օրինակ քեզ` մի գազան։ Պատահում էր, կա՛մ տանը կնոջ հետ կռված է, կա՛մ մի ուրիշը բարկացրել է նրան և կամ հարբած է, նա կատաղած դուրս է գալիս տնից, վա՜յ այն գյուղացուն, որ կհանդիպի նրան։ Նա իսկույն մի առիթ կգտներ գյուղացուն ծեծելու, հայհոյելու և յուր սիրտը հանգստացնելու։ Օրինակ, պատահում էին այսպիսի դեպքեր. գյուղացին մի զույգ նոր տրեխներ է հագել։ (Նա համբերել չէր կարող, երբ գյուղացին նոր բան էր հագնում և պարոնի նմանություն էր ստանում։) Տեսար, կանչում է` «էյ, մարդ»: Գյուղացին մոտենում է, գլուխ է տալիս, կանգնում է։ — «Այդ ի՞նչ է», — ցույց է տալիս նա տրեխները։ — «Աղա ջան, ցավդ տանեմ, գնում եմ անտառը», — պատասխանում է գյուղացին գոռալով։ — «Տո, անպիտան, եթե առանց տրեխների գնալու լինես, ոտներդ կմաշվե՞ն», — և հրամայում է իսկույն խլել նրանից տրեխները։ Մի անգամ գյուղացու մեկը փռթկաց նրա մոտ։ — «Տո, անշնորհք ավանակ, համարձակվում ես փռթկա՞լ քո պարոնի առջև», — ասաց նա և հրամայեց ծեծել խեղճին: