Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/533

Այս էջը հաստատված է

Մեր հարևան Գիորգին մի աղջիկ ուներ,— շարունակեց նա — նրա անունը Կեկելո էր: Բայց ի՞նչ աղջիկ, այնքան սիրուն էր, որ կարծես գյուղացու աղջիկ չլիներ, այլ ուղիղ պարոնի տնից դուրս եկած լիներ։ Մի անգամ նա հանդիպեց ինձ դաշտումը, գալիս էր անտառից, շալակած փայտ էր բերում իրանց համար։ Քրտինքը թափվում էր նրա երեսից, թշերը խնձորի նման կարմրել էին։ Հենց որ տեսա, իմ խելքը գնաց։ — Տուր, Կեկելո, ես կտանեմ շալակդ»,— ասացի նրան։— «Շատ ծանր չէ, ես կարող եմ տանել»,— ասաց նա, ավելի կարմրելով։ Մենք սկսեցինք խոսելով կամաց-կամաց դիմել դեպի գյուղը, երբ մոտեցանք, բաժանվեցանք միմյանցից, որ մեզ միասին չտեսնեն»։

Այդ միջոցին Վասոն այն աստիճան հափշտակված էր յուր պատմությունով, որ ամենևին չէր նկատում, թե ասեղը ընկել էր նրա ձեռքից և կոշիկները նույնպես ընկած էին նրա կողքին։ Նա շարունակեց, «Ես մորս հայտնեցի, որ Կեկելին նշան դնե ինձ համար, նա էլ հորս հայտնեց։ Հայրս գնաց Գիորգիի տունը, խոստացավ տալ մի այծ, հինգ թունգի գինի, մի քանի սոմար սիմինդր, կարճ ասած, խոսեցին, բարիշեցան, նշանը դրեցին։ Սպասում էինք, որ աշունքը գա, գինին պատրաստվի, որ հարսանիք անենք։ Այդ միջոցին, չեմ իմանում, ի՞նչ սատանա մտավ իմ պարոնի գլխում։ Նա հրամայեց, որ Կեկելոյին վեր առնեն յուր տանը որպես աղախին։

Աշունքը եկավ, գինիները հասան, բայց հարսանիքը չկատարվեցավ։ — «Այս տարի չի լինի»,— ասում էր մեր պարոնը։ Իմ սիրտը տրաքվում էր անհամբերությունից։ Բայց ի՞նչ կարող էի անել, երբ պարոնը այսպես էր հրամայում։

Մի անգամ Կեկելոն գտավ ինձ անտառում, տեսնում եմ, երեսին գույն չէ մնացել, կասես թե, սպանված լիներ։ Հարցնում եմ. «Կեկելո, ի՞նչ է պատահել քեզ հետ»։ Նա ոչինչ չէ ասում, հենց լաց է լինում։ Գրկում եմ նրան, դարձյալ հարցնում եմ. «Կեկելո, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա արտասուքի միջից ինձ պատասխանում է. «Ա՜խ, վատ մարդ է... նա շատ վատ մարդ է... նա աստված չունի... նա օ...։ Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել յուր խոսքը, բայց ես հասկացա բոլորը...։

Արյունը թռավ գլուխս, ես իստակ կատաղեցա։ Հենց էն սհաթին վազեցի դեպի մեր տունը, խենչալս վեր առի, թաքցրի չերքեզիիս տակ, տնից դուրս եկա։ Առաջ մտա գինետունը, լավ խմեցի, սիրտս պնդացրի, հետո գնացի պարոնի դռանը կանգնեցա, սպասում