Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

Երբեմն մեր հերոսուհին երազում էր, թե նա թատրոնումն է․ ինքը փառավորապես նստած է լոժայի մեջ։ Հանդիսականները վառվում են բյուրավոր պճրանքով։ Քաղցրաձայն մուզիկան հնչում է։ Իտալուհին անուշ ձայնով երգում է։ Լոժաները լիքն են սիրուն աղջիկներով։ Բայց նրանցից և ո՛չ մինը յուր նման հագնված չէ։ Հանդիսարանում աթոռներն ու բազկաթոռները լիքն են բազմաթիվ երիտասարդներով։ Բայց նրանցից ո՛չ մինը չէ նայում բեմին։ Նրանց դիտակներն ուղղված են դեպի յուր լոժան․․․։

Եվ երբեմն էլ երազում էր նա, թե գտնվում է մի այգու մեջ, յուր գլուխը զարդարված է ծաղիկներով։ Մի գեղեցկադեմ պատանի, չոքած յուր առջև՝ աղաչում է... և արտասուքը մարգարտի նման գլորվում է նրա սիրուն աչքերից... «Ես սիրում եմ քեզ... Սոֆի»։ Այդ մոգական ձայները զարկվում են նրա ականջներին։

Ահա այդպես մեր սիրուն հերուսուհին, յուր գիշերային հանգստյան մեջ, հրապուրվում էր այդպիսի երևակայական պատկերներով։ Եվ ամբողջ օրը նրա մտքից չէին հեռանում այդ գիշերային հիմար երազները։

Այո՛, մի կատաղի ախտ զարհուրելի կերպով բոցավառվում էր նրա սրտի մեջ — դա էր սերը:

Վերջին օրերը օրիորդ Սոֆին մտածեց յուր երևակայական երագներին տալ որևիցե իրողական կերպարանք։ Իսկ այդ փափագին հասնելու հնար չէր լինում մի քանի արգելառիթ պատճառներով։ Եվ գլխավորապես այն էր պատճառը, որ Հացի-Գելենց ընտանեկան կյանքի շրջանը՝ ինչպես հայտնի է մեր ընթերցողին, խիստ նեղ էր, մռայլոտ և անմատչելի։ Թեև վերջին օրերը տիկին Բարբարեն նրան բավական ընդարձակ և փառավոր կերպարանք տվավ, բայց այնուամենայնիվ այդ արտաքին շքեղությունը բավական չէր սրբելու նրանցից հին կեղտը, և առիթ տար նրանց հարաբերություն ունենալ հասարակության բարձր դասակարգի անհատների հետ, ուր դեգերում էր միշտ օրիորդ Սոֆիի միտքը։ Նրանց երթևեկները տակավին հասարակ մարդիկ էին — մի քանի կարավոր մորթե գդակով փողոցի առևտրական տղամարդիկ, մի քանի աղջիկներ՝ կոլոլված իրանց դերիաների մեջ, նախշուն թասակրավիներով, և մի քանի քաթիպավոր կանայք իրանց մերձավոր ազգականներից։ Բայց այդ տեսակ մարդիկ ո՛չ միայն չէին կարող գրավել օրիորդ Սոֆիի ուշադրությունը, այլ՝ սկսած նրա վարժարանի կյանքից, ատելի էին նրան։ Թեև նրանցից շատերը գիտեին մի քանի հատ ու կտոր պոժոլուստ-մոժոլուստա ասել և գլուխ