Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

տալու կամ ձեռք բռնելու միջոցին ոտքը գետնին քսել, բայց այդպիսի կապկորեն քաղաքավարությունները առավել զայրացնում էին նրան, և նա չէր կարող հարգանք զգալ դեպի այդպիսի մարդիկ։

Միակ հյուրը, որին պատվում էր օրիորդ Սոֆին, Աննա Եգորովնան էր, որ նրան զվարճացնում էր՝ բերելով երբեմնապես զանազան լուրեր։

Բայց վերջին օրերը օրիորդի ուշադրությունը գրավեց մի պատանի գիմնազիստ, վեցերորդ դասարանի աշակերտ Նիկոլ Մայիլով անունուվ։

Մայիլովը տասնութ տարեկան էր, քնքուշ կազմվածքով, գեղեցիկ դեմքով, քաղցրաբարո և բարեսիրտ պատանի, հին, ազնվական տոհմից։ Նա թեև խիստ փափուկ էր մեծացած բայց բավական բարեկիրթ, խելացի և ամոթխած էր։ Մի փոքրիկ նկատողությունը կարող էր նրան վրդովմունք պատճառել, և նա կարմրում էրր մինչև ականջները։

Նա Գրիգոլի դասընկերն էր, շատ անգամ գալիս էր նրա մոտ սերտոության համար։

Օրը կյուրակե էր։

Տիկին Բարբարեն վաղ առավոտյան գնացել էր մի ազգականի տուն։ Օրիորդ Սոֆին միայնակ կանգնած, պատշգամբից նայում էր դեպի բակը։ Հանկարծ երևեցավ Մայիլովը մի քանի տետրակներ թևի տակին։ Տեսնելով օրիորդին, նա մոտեցավ, բարևեց և կարմրելով հարցրեց.

— Ասացե՛ք, խնդրեմ, տա՞նն է Գրիգոլը։

— Ո՛չ, նա մի քանի րոպե առաջ դուրս գնաց,— պատասխանեց օրիորդը ռուսերեն։

Մայիլովը դարձյալ գլուխ տվավ և կամենում էր հեռանալ։

— Ինչո՞ւ, Նիկոլ, այդպես շուտ,— ասաց նրան օրիորդը։ — Մի փոքր սպասեցեք, նա շուտ կվերադառնա։

Մայիլովը կանգ առավ։

-Նե՛րս գնանք,— ասաց օրիորդը։

Նրանք մտան դահլիճը։

Օրիորդը նստավ լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի Մթածմինդայի բակը, և խնդրեց գիմնազիստին՝ նստել յուր մոտ։

Օրիորդը հնչեցրեց զանգը, ներս մտավ աղախինը։

— Մաշա՛, պատրաստեցեք սուրճ, կաթնով, եթե սեր չկա։

Աղախինը հեռացավ։ Օրիորդը դիմեց դեպի պատանի հյուրը այսպիսի հարցով․