Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

տանջել են, ստիպել են հավատը ուրանալ, նա ներվել է, և այդ պատճառով ականջները կտրել են։ Այդ չարչարանքի համար նրան համարում էին մի տեսակ նահատակ։ Եվ ես նկատեցի, որ մեր տեսած մուրացկանի երկու ականջների ծայրերը կտրված էին։ Բացի դրանից, ճգնավորի բազուկների և ձեռքերի վրա Երուսաղեմի ուխտավորների դրոշմը կար։ Նույնը ես նկատեցի մեր տեսած մուրացկանի ձեռքերի և բազուկների վրա։

Նշանները ուղիղ էին։ Իրավ է, Պարսկաստանում մի փոքրիկ գողության համար քավոր Պետրոսի երկու ականջների ծայրերը կտրել էին։ Այդ պատիժը ստացել էր նա յուր երիտասարդ հասակում։ Եվ թե նա Երուսաղեմի ուխտավոր է եղել, այդ նույնպես ուղիղ էր։

— Բայց ի՛նչ նպատակով թափառում է այդ մարդը հեռավոր հյուսիսում,— խոսեց ավազակապետը.— և ինչ ողորմելի դրության մեջ էր նա։

Ես չգիտեի ի՛նչ պատասխանել, ես դժվարանում էի հայտնել ավազակապետին, թե ճանաչում եմ նրան, թե մեր մեջ եղել են երկար տարիների հարաբերություններ և թե նույն ճգնավորի առաջնորդությամբ ևս մի այնպիսի ծուռ ճանապարհի վրա դրվեցա, որ վերջը բերեց հասցրեց ինձ այնտեղ, ուր տանջվում են հանցավորները միայն։ Ես չհայտնեցի նաև, թե նա ինձ համար էր մտել այն ողորմելի կերպարանքի մեջ և ինձ համար է թափառում դատապարտյալների բնակության մերձակայքում։ Ես ծածկեցի նրանից և այն, որ խորհրդավոր մուրացկանը, մոտենալով մեղ, հինգ կոպեկանոցների հետ տվեց ինձ մի թուղթ։ Այդ ծածկեցի իմ ամենալավ ընկերից, որովհետև դեռ մտատանջության մեջ էի, դեռ չգիտեի, թե ինչ պիտի պատասխանեմ քավոր Պետրոսի առաջարկությանը։

Ի՞նչ պետք է պատասխանեի։ Մերժեի, ընդունեի՞, ոչ մեկը վճռել չէի կարողանում։ Նա եկել էր ինձ ազատելու, նա անցել էր հարյուրավոր մղոններ, հազարավոր վերստեր, նա դեռ չէր մոռացել ինձ, դեռ մտածում էր ինձ համար։ Բայց ինչ նպատակով։ Արդյոք աշխատում էր հանգստացնել խղճի խայթը, որ ինձ մոլորության և դատապարտության մեջ ձգեց, թե կամենում էր ինձ նորից ձեռք առնել, որպես մի գործիք, որ նրան պակասում էր։ Մինչև ես այս մտատանջությունների մեջ էի, ավազակապետը ասաց.

— Ես նրան երրորդ անգամն է, որ հանդիպում եմ։