Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/552

Այս էջը հաստատված է

— Առաջին անգամն որպես ճգնավոր, վերջին անգամ որպես մուրացկան, իսկ մյո՞ւսը,— հարցրի ես։

— Դա կապ ունի Սանամի անցքի հետ, հետո կպատմեմ քեզ։

Գ

Երրորդ գիշեր

Երրորդ գիշերը ավազակապետը այսպես սկսեց Սանամի ընդհատված պատմությունը․

«Դու հիշում ես, որ գիշեր էր, երբ ես և Սանամը հեռացանք մելիքի ամրոցից, մի մթին և խուլ գիշեր, որ բնությունը ինքն էր նպաստում մեր փախուստին։ Անցանք մի քանի մղոններ, գիշերային խավարը սկսեց փոքր առ փոքր պարզվել։ Ճանապարհին օրիորդը մի խոսք անգամ չխոսեց ինձ հետ։ Նա լուռ էր. որպես երևում էր, ծանր մտահոգություններ տանջում էին նրան։ Նա ուներ հայ օրիորդի թե՛ հնազանդությունը և թե՛ նախապաշարմունքները։ Առաջինի դեմ բողոքեց նա, ընդդիմացավ ծնողների բռնությանը և չկամեցավ մահմեդականի կին դառնալ. իսկ երկրորդը, նախապաշարմունքը, մնաց։ Նա մի նախատինքից ազատվեցավ, բայց մի այլ նախատինքի ենթարկեց յուր անձը։ նա փախավ ծնողների տնից մի երիտասարդի հետ, որ ոչ նրա ազգականն էր և ոչ նրա բարեկամը: Երևի, այդ մտածություններն էին տանջում նրան։

Իմ ձին ընթանում էր առաջ, իսկ նա հետևում էր ինձ։ Ես էլ իմ կողմից չէի խոսեցնում նրան, որովհետև չէի ցանկանում ավելի վրդովել նրա հոգեկան խռովությունը։ Ես միայն հիացած էի նրա կերպարանքի բարեկազմությամբ, թե ո՛րքան գեղեցիկ էր նա տղամարդի հագուստով և որքա՛ն քաջազնաբար ձիավարում էր նա, նստած յուր սիրուն նժույգի վրա։ Նա ներկայացնում էր մի շնորհալի ձիավոր, որի նմանը կարելի էր տեսնել պարսից բարձր ազնվականների որդիների մեջ։

Բայց նրա հայրը յուր կեցությամբ, յուր սովորություններով, յուր բարքով ու վարքով նույնպես ներկայացուցիչ էր պարսից բարձր ազնվականության։ Շրջապատված բազմաթիվ նոքարներով, որսորդական շներով ու բազեներով, վատնում էր նա յուր ժամանակի մեծ մասը զանազան զբոսանքների ու զվարճությունների մեջ, որոնք կատարվում էին ըստ մեծի մասին ձիաների վրա։ Խիստ