Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/556

Այս էջը հաստատված է

հատակում։ Այնտեղ, ուր երեկ ծանծաղ էր, այսօր բացվում է մի ահագին խորություն։ Իսկ ջրի խաբուսիկ մակերևույթը դարձյալ հարթ-հավասար է մնում։

Մինչև գետի լայնության կեսը անցանք առանց որևէ դժվարության։ Ես խորհուրդ էի տալիս օրիորդին, որ երբեմն աչքերը խփե, շատ չնայի ջրին։ Ձիաները ջրի սրընթացության հետ կռվելով, փռնչալով, առաջ էին գնում։ Դեռ նրանց ոտները հասնում էին հատակին և այդ օգնում էր իրանց պինդ պահել և չգնալ հոսանքի հետ։ Բայց երբ հասանք խորությունների, նրանք սկսեցին լողալ։ Այդ ժամանակ ամենավտանգավոր րոպեն էր։ Ես անդադար ձայն էի տալիս օրիորդին, որ չվախենա, և իրան ամուր պահե թամքի վրա։ Բայց ջուրը արդեն հասել էր մինչև թամքը։ Ձիաների վեր բարձրացրած գլուխներն էին միայն երևում։ Այդ միջոցին գետի սրընթաց հոսանքը սկսեց յուր հետ տանել օրիորդի ձիուն։ Ես աշխատում էի կանգնեցնել նրան, ձիգ տալով սանձից, որ իմ ձեռքում բռնած ունեի։ Բայց հնար չեղավ, սանձը կտրվեցավ, և նրա ձին բավական հեռացավ ինձանից։ Վտանգը ակներև էր։ Օրիորդը այսուամենայնիվ, չկորցրեց սրտի ամրությունը և քաջությամբ պահում էր իրան ձիու վրա։ Ես փութացնում էի իմ ձիուն, որ առաջանամ և բռնեմ նրան։ Բայց իսկույն սարսափը տիրեց ինձ, երբ տեսա, որ օրիորդը յուր ձիու հետ խորասուզվեցավ ջրի տակ։ Ուրիշ հնար չկար, պետք էր թողնել իմ ձին և լողալով որոնել նրան ալիքների մեջ։ Նրա ձիու գլուխը կրկին հայտնվեցավ ջրի տակից, օրիորդը դեռ նրա վրա էր գտնվում, երկու ձեռքերով պինդ բռնած ունենալով նրա բաշից։ Ես լողալով մոտենում էի։ Մենք արդեն շեղվել էինք ծանծաղուտներից և ընկել էինք սարսափելի խորությունների մեջ։ Ես չեմ կարող նկարագրել այն բոլոր զարհուրանքը, որ այս րոպեից էլ տիրում է իմ սրտին, երբ մտաբերում եմ իմ անխոհեմությունը, թե որպիսի հիմարությամբ ես թույլ տվեցի ինձ այնպես անհոգությամբ վերաբերվել դեպի կատաղի Երասխը։ Ես թե՛ այն ժամանակ և թե այժմ դեռ չեմ կարողացել պարզ հասկանալ, թե ի՞նչ կատարվեցավ, և ի՞նչպես եղավ, որ երբ աչքերս բաց արի, ինձ ջրի խորության մեջ գտա։ Երևի, մի ուժգին պտույտ, մի կատաղի հորձանք ինձ ևս տարել էր ջրի տակ։ Բայց երբ կրկին բարձրացա ջրի մակերևույթի վրա, նայեցի, օրիորդը այլևս չէր երևում։ Երկար ես լողում էի, այս կողմ և այն կողմ, երկար որոնում էի նրան, բայց նա չկար ու չկար...։

Մի ձայն գետի հակառակ ափից վաղուց կանչում էր ինձ: