Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ տետրակներ են դրանք։

— Մեր ուսանելի առարկաները,— պատասխանեց Մայիլովը։

— Եթե կարելի է, խնդրեմ, տաք ինձ նայեմ նրանց։

Մայիլովր տվավ նրան յուր տետրակները։

Օրիորդը դրեց լուսամուտի վրա գիմնազիստի կեղտոտ և կիսամաշ տետրակները և ուշադրությամբ նայում էր նրանց վրա և թերթում։ Նրանց մեջ, խառն և անորոշ գրիչով, մի տեղ թանաքով, մի տեղ մատիտով, նշանակված էին նկատողություններ զանազան առարկաներից. իսկ մի քանի տեղ նկարված էին աշակերտական կյանքից խեղկատակ պատկերներ, օրինակ՝ գլուխներ՝ ահագին և երկար քթով, կմախքներ՝ այլանդակ կերպարանքներով և այլ պես-պես անորոշ և խառնափնթոր գծագրություններ։

Մայիլովր շառագունեցավ, երբ օրիորդը սկսեց նայել դրանց վրա։ Բայց օրիորդ Սոֆին մի կողմ դրեց մյուս տետրակները և մնաց նրա առջև միայն պատմության տետրակը։

— Երևի դուք պատմություն շատ եք սիրում,— ասաց նա՝ դիմելով Մայիլովին,— որովհետև ձեր պատմության տետրակն ավելի մաքուր է գրված։

— Այո՛, սիրում եմ,— պատասխանեց աշակերտը մեքենաբար։

— Ինչքա՞ն եք անցել։

— Հին և միջին դարերի պատմությունն արդեն ավարտել ենք, այժմ սովորում ենք նոր ժամանակների պատմությունը։

Օրիորդը մտածեց առաջարկել նրան մի քանի հարցեր, կամենալով փորձել նրա հայացքը, նրա մտքի ուղղությունը։ Այդ պատճառով հարցրեց.

— Դուք հիշո՞ւմ եք մի կին հունաց պատմության մեջ, որ եղավ Տրոյան պատերազմի պատճառը։

— Այո՛, Հեղինեն, Մենելայոսի կինը, որին փախցրեց Պարիսը՝ Պրիամոսի որդին,— պատասխանեց Մայիլովը սքոլական ոճով։

— Ասացե՛ք, խնդրեմ,— ժպտալով հարցրեց օրիորդը,— ինչպես է ձեր կարծիքը Հեղինեի վարմունքի մասին։

Մայիլովը մի փոքր շփոթվեցավ և ապա պատասխանեց.

-Իմ կարծիքը Հեղինեի վարմունքի մասին շատ էլ չավ չէ՛։

-Ինչո՞ւ։

-Նրա համար, որ նա պղծեց ողջախոհության օրենքը՝ անհավատարիմ գտնվելով դեպի յուր ամուսինը և եղավ այնքան արյուն հեղությունների պատճառ։

— Չէ՞ որ նա սիրում էր Պարիսին։