Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/563

Այս էջը հաստատված է

—Եթե իմ հիշողությունը ինձ չէ խաբում, կարծեմ ես տեսել եմ ձեզ մի ժամանակ մի վանքում... մի քարանձավի մեջ․․․ դուք ճգնավոր էիք․․․։

Նրան տիրեց մի վայրկենական խռովություն, բայց իսկույն ծածկելով յուր շփոթությունը, պատասխանեց.

Դուք չեք սխալվում... այն ժամանակ ճգնում էի մի լեոան քարանձավի մեջ, հեռացած մարզիկներից... իսկ այժմ ճգնում եմ կյանքի մեջ...։

Այս ասելով, նա տվեց ինձ յուր քսակը։— «Ա՛ռ,— ասաց,— ճանապարհին ձեզ պետք կլինի» և իսկույն բաժանվեցավ մեզանից։

Ես ապշած մնացի, մի խոսք անգամ չգտա նրան ասելու, միայն քարացածի պես կանգնած, նայում էի նրա ետևից։ Նա էլ ճանապարհորդ էր, նա էլ մի տեղ էր գնում, բայց ու՞ր էր գնում, աստված գիտե։ Նա յուր քսակը տվեց ինձ. ես հավատացած էի, որ դա նրա վերջին արծաթն էր։ Իսկ ինքը գնում էր միայնակ, ոտքով, մի երկայն ցուպ ձեռին բռնած, աղքատ ուղևորի պարկը ուսին կապած»։

Երբ ավազակապետը վերջացրեց, հարցրի նրանից.

— Այնուհետև մյուս անգամ չհանդիպեցի՞ք նրան։

— Ոչ։ Այն օրից անցել են շատ տարիներ, կրկին հանդիպեցի նրան միայն այստեղ, քեզ հետ միասին, մուրացկանի կերպարանքով, և այդ խիստ զարմացնում է ինձ։ Այդ մարդը մի տեսակ հանելուկ է ինձ համար։ Ես շատ կցանկանայի, որ մեկ անգամ ևս տեսնեի և խոսեի նրա հետ։ Իբր մուրացկան նա նույն բարի և առաքենի մարդը երևաց ինձ, որպես էր առաջ։ Դու տեսար, ի՛նչպես կարեկցությամբ մոտեցավ նա դատապարտյալների խումբին, ինչպես բաժանեց մեզ յուր հավաքած գրոշները, ասելով, «դուք ավելի թշվառ եք, քան թե ես»...։

Ես դարձյալ գաղտնիք պահեցի խորհրդավոր մուրացկանի մասին, այսքանը միայն ասելով իմ լավ ընկերին.

— Գուցե մյուս անգամ ևս կտեսնեք... այդ մարդը շուտով չի հեռանա այստեղից...։

Ես հավատում էի, բոլորը հավատում էի, ինչ որ պատմում էր ավազակապետը։ Քավոր Պետրոսը այն տեսակ առասպելական արարածներից էր, որ ընդունակ էր հրեշտակից սատանա լինել, իսկ սատանայից հրեշտակ։ Թե՛ բարին և թե չարը նրա մեջ միևնույն ուժով էին գործում։ Միայն հանգամանքներից էր կախված, թե ե՞րբ կամ ի՞նչ դեպքում պետք էր ո՛րը գործ դնել։ Նա աշխարհի