Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Այս էջը հաստատված է

— Աններելի է մի այնպիսի սնոտի սիրո համար այնքան զոհողություններ անել։

— Բայց ի՞նչպիսի կնոջ վարմունքն է ավելի գրավում ձեզ պատմության մեջ։

— Հռոմայեցի Լուկրեցիայի։

Օրիորդ Սոֆին ճանաչեց, թե ինչ սրտի տեր էր յուր խոսակիցը։

Աղախինը ներս բերավ սուրճ, նախ տվեց Մայիլովին, իսկ նա ամաչելով՝ հրաժարվեցավ։

— Խնդրեմ, խնդրեմ, առանց քաշվելու,— ասաց նրան օրիորդը։

Մայիլովն ընդունեց գավաթը և դրեց յուր առջև սեղանի վրա։

Խոսակցությունը նրանց մեջ դադարեցավ։ Օրիորդ Սոֆին մտածման մեջ ընկավ' մերթ ընդ մերթ յուր ախտաբորբոք աչքերը սևեռելով գիմնազիստի ամոթխած, շառագունած և նույն րոպեին բավական ախորժելի երեսին, որ խոնարհած նայում էր դեպի ցած։

-Դուք երբևիցե ռոման կարդացե՞լ եք,— հարցրեց նրանից օրիորդը։

-Ոչ, իմ հայրս կպատժե, եթե գիտենա, որ ես այդպիսի գրքեր եմ կարդում,— պատասխանեց Մայիլովը առավել ևս շփոթվելով։

-Ինչո՞ւ։

-Որովհետև ասում են նրանց մեջ հիմար֊հիմար բաներ են գրված, ուրեմն էլ ի՞նչպես կարելի է կարդալ այդպիսի գրքեր։

Օրիորդը ոչինչ չխոսեց, միայն յուր մտքի մեջ ասաց. «Խեղճ երեխա, դեռ կաթնի հոտ է բուրում բերանից»...

Նրանց խոսակցությունն ընդհատեց Գրիգոլը, որ ներս մտավ, ողջունեց ընկերոջը և նստեց նրանց մոտ։

Օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո վեր կացավ և թողնելով նրանց միասին՝ գնաց յուր սենյակը։

ժԱ

Մայիլովր ոչինչ չհասկանալով օրիորդ Սոֆիի այդպիսի խորհըրդավոր խոսակցությունից, միամտությամբ շարունակում էր յուր երթևեկությունը Հացի֊Գելենց տուն։ Բայց մեր հերոսուհու սիրտը վառված էր պատանի գիմնազիստի գեղեցկությամբ․ միայն նա ափսոսում էր պատանու պարզ և համարյա երեխայական վարվեցողության