Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/572

Այս էջը հաստատված է

Այդ հոգեկան բերկրության մեջ էի ես, երբ մեր հյուրընկալի կրտսեր որդին մոտեցավ, հայտնեց, որ յուր հայրը կանչում է ինձ։ Ես գնացի։ Ծերունին առանձնացած էր և, որպես երևում էր, պատվիրել էր՝ յուր մոտ ոչ ոքի չթողնեն։ Նա հարցրեց օրիորդի առողջությունը, հետո խնդրեց, որ նստեմ յուր մոտ։ Նա տխուր, միևնույն ժամանակ վրդովված էր երևում, կամենում էր մի բան խոսել, բայց դժվարանում էր։ Վերջապես, ասաց նա.

— Այն օրից, որ դուք ոտք եք կոխել իմ տան շեմքի վրա, ես ամենևին չեմ հարցրել ձեզ, թե ո՞վ եք դուք, ո՞րտեղից եք գալիս, կամ ո՞ւր եք գնում։ Ես այսքանով միայն ուրախ էի, որ իմ հացը բաժանում եմ աստուծո հյուրերի հետ։ Բայց այժմ առանց հարցնելու ևս, ես գիտեմ, թե դուք ով եք, և ում որդին է ձեր մանկահասակ բեկերը, որի հիվանդությունը նույնքան ցավ է պատճաոում ինձ, որքան ձեզ։ Մենք, այս լեռների բնակիչներս, սովորություն ունենք, ոչ միայն հյուրասիրելու մի օտարականին, որ մեր տան ծածկի տակ օթևան է խնդրում, այլ վտանգի ժամանակ մեր պարտքն ենք համարում և պաշտպանել նրան ամեն չար պատահարներից։ Մեր տունը մտնողը, ի′նչ մարդ էլ և լիներ նա, ի′նչ հանցանք էլ որ գործած լիներ, դարձյալ մեր օգնությունն է վայելում։ Այդ մասին կարող եք բոլորովին ապահով լինել...։ Վերջին խոսքերի միջոցին ծերունին զգուշությամբ նայեց յուր շուրջը, մի գուցե մի ուրիշը լսեր նրան։ Ես արդեն նախագուշակում էի, թե նրա հառաջաբանը ինչով պետք է վերջանար, և չսխալվեցա։ Մեզ որոնում էին...

— Այս րոպեիս ես վերադարձա մեր տանուտերի մոտից,— շարունակեց նա։— Տանուտերը հավաքել էր յուր մոտ մեր շենի բոլոր ծերերին և կարդաց գավառապետի հրամանը։ Նրա մեջ գրված էր, թե Ղարադաղի մելիքի աղջիկը փախել է յուր ծառայի հետ, և անցել են մեր կողմերը։ Հրամայված էր՝ որտեղ և գտնելու լինեն նրանց, հանձնեն կառավարության ձեռքը, որ հետ ուղարկեն Պարսկաստան։ Հրամանի մեջ ծանր պատիժ և տուգանք էր նշանակված, եթե մեկը կհամարձակվի թաքցնել նրանց յուր մոտ։ Ես տարակույս չունեմ, որ դուք և ձեր ուղեկիցը միևնույն անձնավորություններն եք, որ ցույց է տված հրամանի մեջ։

— Այո′, մենք ենք.— պատասխանեցի ես, առանց որևիցե կասկածանքի, առանց թաքցնելու։

— Շնորհակալ եմ ձեր մտերմության համար,— ասաց ծերունին, — հիմա պատմեցեք, այդ անցքը ի՞նչպես է պատահել։