Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/574

Այս էջը հաստատված է

գալիս։ Նրան կա՛մ աղախին էին դարձնում, կա′մ հարճ և կա՛մ կին։ Ծնողները աշխատում էին տգեղացնել իրանց աղջիկներին, որ մահմեդականների աչքին հաճելի չթվին։ Այստեղից սովորական դարձան գլխի և երեսի այն այլանդակ փաթոթները, որ այժմ կրում են մեր կանայքը։ Բայց մի այլ հնար ևս երբեմն ազատում էր մեր աղջիկներին։ Երբ ծնողները հասկանում էին, որ մահմեդականը աչք ունի մեկի վրա, իսկույն վեր էին առնում աղջկան և պսակում էին պատահած հայ տղայի հետ։ Ամուսնացած կնոջը շատ չէին դիպչում, նրան անպատվում էին և բաց թողնում, որովհետև կին դարձնելու համար բավական դժվարություններ կային։ Մահմեդական օրենքը արգելում է ամուսին ունեցող կնոջը, ի′նչ ազգից և կրոնքից լիներ նա, իրա կին դարձնել, քանի որ նա չէր բաժանված յուր ամուսնից և մահմեդականություն չէր ընդունած։ Բայց ազաբ աղջիկների վերաբերությամբ այդ տեսակ պայմաններ չէին պահանջվում։ Ազաբ աղջիկը մի անգամ մահմեդականի ձեռքը ընկնելուց հետո դառնում էր կոտրած աման, նրան այլևս ոչ ոք չէր առնում. մինչև անգամ գտնվում էին այնպիսի սնահավատ ծնողներ, որ հրաժարվում էին իրանց տունը ընդունել «պղծած» աղջկան։ Պատահում էր, որ նշանած աղջիկներին ևս ուզում էին քաշել տանել, այսպիսիներին իսկույն պսակում էին նշանած տղայի հետ, բայց պատահում էր, որ տղան բացակա էր լինում, մի ուրիշ երկիր գնացած էր լինում։ Այսպիսի դեպքերում պսակը կատարում էին մի առարկայի հետ, որ մնացել էր այն տղայից։ Ես դեռ չեմ մոռացել մի այսպիսի դեպք, տղան գտնվում էր հեռու երկրում, իսկ նրա նշանածին ուզում էին հափշտակել։ ժամանակ չկար տղային կանչելու։ Ծնողները աղջկան ծածուկ տարան եկեղեցի, կանգնացրին սեղանի առջև, իսկ խաչեղբայրը նրա մոտ կանգնած, ձեռին բռնած ուներ փեսայի հին գդակը։ Քահանան անդադար դիմում էր այդ գդակին հարցնելով, «տե՞ր ես», «սիրո՞ւմ ես» և կատարում էր պսակի խորհուրդը։ Ես թեև հետաքրքրությամբ լսում էի ծերունու խոսքերը, բայց չգիտեի, ինչո՞ւ համար էր այդ երկար պատմությունը։ Նրա միտքը հասկացա այն ժամանակ, երբ դարձավ դեպի ինձ հետևյալ հարցով.

— Օրիորդը նշանած ունի: — Դեռ ոչ ոք նշան չէ դրել նրան,— պատասխանեցի ես։

— Նա որևիցե մեկին սիրո՞ւմ է։

— Չգիտեմ...