Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/577

Այս էջը հաստատված է

միշտ կրկնում էր միևնույն խոսքերը.— «Ինչո՞ւ եկար, կարող են կալանավորել քեզ»...։ Անցան օրեր, անցան շաբաթներ, անցավ մի ամիս։ Օրըստօրե նրա հիվանդությունը ավելի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Մի գիշեր, երբ մոտեցա մեր հյուրընկալի տաղավարին, նա արտասուքը աչքերում դուրս եկավ իմ առջև և խորին ցավակցությամբ հայտնեց.— «Նա մեռավ»․․․։ Ես սարսափեցա, որպես մի եղեռնագործ։ Ինձ այնպես թվեցավ, թե ես եմ եղել նրա մահվան պատճառը։ Խղճի զարհուրանքը շանթահարեց ինձ»...։

Ավազակապետը կրկին կանգ առեց, ձեռքը տարավ դեպի հանգած չիբուխը, որ դրած էր նրա մոտ, կրկին վառեց և սկսեց ծխել։ Ծուխը թանձր մեգի նման դուրս էր հոսում նրա բերանից, նրա պնչերից, կարծես թե, նրա սիրտը ճարակում էր մի սարսափելի հրդեհ։

«Ոչինչ հայտնել չկարողացան ինձ նրա մահվան մասին,— առաջ տարավ նա,— թե նա յուր կյանքի վերջին րոպեներին ի՛նչ դրության մեջ է եղել կամ ի՞նչ է խոսացել։ Նրա մոտ ոչ ոք չէր եղել, որ գոնե վկա լիներ անբախտ հանգուցյալի վերջին խոսքերին։ Երկու օր էր, որ նա մեռած էր, երկու օր նրա մարմինը պահել էին, որ ես տեսնեի։ Առավոտյան պետք է կատարվեր նրա թաղումը։ Ես այլևս չգնացի անտառը, մնացի, որ կատարեմ իմ վերջին պարտքը։ Իմ մասին այլևս չէի մտածում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ։ Նրան կորցնելուց հետո այլևս կյանքը իմ աչքում արժեք չուներ։ Ես իմ ձեռքով պետք է գերեզման իջեցնեի այն նազելի արարածին, որին իմ կյանքում միայն սիրել էի, և որը նույնպես սիրում էր ինձ։ Նրա գերեզմանը փորվեցավ հենց նույն լեռան վրա, հեռու մարդկային բնակությունից, ուր երբեմն հանդիպում են հովիվները միայն։ Նրա դագաղը հազիվ ծածկված էր հողով, խաշնարածների քահանան կարդում էր վերջին աղոթքը։ Ես սպանվածի նման կանգնած էի և լաց էի լինում։ Այդ միջոցին երկու յասավուլներ մոտեցան և ինձ կալանավորեցին։— «Նա մեռավ և ազատվեցավ, բայց դու ազատվել չես կարող»...,— լսելի եղան տանուտերի խոսքերը։ Ինձ տարան, բանտարկեցին տանուտերի տաղավարում, որ մյուս օրը ուղարկեն գավառապետի մոտ։ Օրիորդի կորուստը ինձ այն աստիճան ապշած և խելագարված դրության մեջ էր դրել, որ ես համարյա չէի զգում, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Այսուամենայնիվ, հենց նույն գիշերը ինձ հաջողվեցավ՝ իմ մոտ դրած պահապաններից մեկին սպանել, մյուսին սաստիկ վիրավորել և փախչել իմ բանտից։ Այնուհետև այլևս ի՞նչ էր մնում ինձ անել։ Իմ հանցանքները կրկնապատկվեցան