Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/578

Այս էջը հաստատված է

այստեղ դարձա մարդասպան, իսկ իմ հայրենիքից փախցրել էի իմ մեծավորի աղջիկը։ Իմ հայրենի երկիրը վերադառնալ չէի կարող, իսկ իմ գտնված երկրում դարձա մի փախստական և միացա փախստականների խումբի հետ։ Ուխտեցի այնուհետև վրեժխնդիր լինել բոլոր այն մարդկանցից, որ կրում են խան, բեկ, մելիք և տանուտեր անունները։ Իմ նպատակին մասամբ հասա...։ Բայց իմ ձեռնարկությունը այնքան սարսափելի էր և արյունոտ, որ վերջը բերեց ինձ այստեղ»...։

Զ

ՀԱՄՐԸ

Ավազակապետը ծանոթացրեց ինձ մի այլ երիտասարդի հետ, որին կոչում էին Համր։ Նրա իսկական անունը ոչ ոք չգիտեր։ Չգիտեին նաև, թե ի՛նչ ազգից էր նա։ Նա միշտ լուռ էր և մտախոհ. մի անգամ գոնե չէին տեսել նրան խոսելիս, և այդ էր պատճառը, որ ընկերները նրան Համր էին կոչում։ Այդ օտարոտի խուլ ու մունջը վաղուց գրավել էր իմ ուշադրությունը։ Նրանում կար մի խորհրդավոր բան, որ յուր լռության մեջ ևս աչքի էր զարկում։ Բավական բարձրահասակ էր նա, նիհար և ցամաք կազմվածքով, դեղնած դեմքը գունաթափվելով, ստացել էր թառամած տերևի գույն, իսկ արագաշարժ աչքերը վառվում էին տենդագին բոցով։ Չնայելով յուր տկար, հիվանդոտ կազմվածքին, աշխատում էր նա չափազանց եռանդով, և այդ առիթ էր տվել վերակացուներին բավական մեղմ վարվել նրա հետ, թեև նրա հսկողության վրա դարձնում էին առանձին ուշադրություն։

Գիշեր էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա խոսելու նրա հետ։ Խոնավ պատերին կպցրած ճրագվի մոմերը հազիվ լուսավորում էին դատապարտյալների մռայլոտ ու սառն օթևանը։ Մերկ հատակի վրա, այստեղ ու այնտեղ, անկարգ կերպով պառկած էին ցերեկվա տաժանական աշխատությունից հոգնած թշվառները։ Քունը միակ մխիթարությունն է այդ ողորմելիների, նա կազդուրում է նրանց ջարդված անդամները և մոռանալ է տալիս սրտի դառն վշտերը։

Արթուն էր Համրը միայն։ Նա մտքով կարծես թե վերասլացել էր երկինքը, իսկ նրա խորախորհուրդ աչքերը մի առանձին կարեկցությամբ