Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/580

Այս էջը հաստատված է

— Խնդրեմ չմտնել իմ սրտի խորքը,— ասաց նա և երեսը շուռ տվեց։

Ես փոշմանեցա, որ թույլ տվի ինձ մի դեռևս անծանոթ մարդու գաղտնիքներր շոշափել։

— Ներեցեք, խնդրեմ, իմ անհամեստ հարցմունքի մասին։

Նա պատասխանեց ժպտալով․

— Հանցանքների այդ քավարանում մի ներողությունը ավելորդ է։

Ես չկամեցա այլևս ձանձրացնել նրան, բարի գիշեր ասելով հեռացա և կրկին պառկեցի իմ հարդյա անկողնի վրա։ Իմ աչքերը դեռ երկար նայում էին նրա վրա, իմ միտքը դեռ երկար զբաղված էր նրանով։ Ո՞վ էր դա, ո՞ր երկրից և ի՞նչ հանցանքի համար էր դատապարտված,— այդ հարցերը հետաքրքրում էին ինձ։ Ամեն մի դատապարտյալ սովորություն ուներ անամոթաբար և մինչև անգամ պարծենալով պատմել յուր գործած հանցանքները, բայց Համրը յուր մասին խոսելու սովորություն չուներ։

Երբ առավոտյան կրկին քշեցին մեզ հանքերի մեջ աշխատելու, ճանապարհին ես պատմեցի ավազակապետին իմ գիշերվա խոսակցությունը Համրի հետ։

— Նա շատ հետաքրքիր մարդ է,— ասաց ավազակապետը ես քեզ կբարեկամացնեմ նրա հետ։

Մենք հասանք հանքը, կրկին խլուրդների նման ներս սողացինք մթին խորշերի և խոռոչների մեջ, կրկին մեր բահերը, բրիչները և մուրճերը սկսեցին գործել։ Այն քարանձավի մեջ, ուր մեր խումբը աշխատում էր, պատահեց մի ցավալի անցք։ Հանկարծ ժայռի մի բավական մեծ կտոր, դուրս պոկվելով անձավի պատից, ցած գլորվեցավ և բանվորներից մեկին տակով արեց։ Թվով չորս հոգի էինք այնտեղ՝ ես, Համրը և մի այլ տաժանակիր, իսկ չորրորդը հեծում և հառաչում էր ժայռի տակ։ Համրը մեզանից փոքր֊ինչ հեոու էր, նա չնկատեց անցքը, բայց լսեց դղրդյունի ձայնը։ Մինչև նրա մեզ մոտ վազելը, ես և մյուս ընկերը ամեն ճիգ թափում էինք, որ հետ մղենք ժայռը և նրա տակից դուրս բերենք թշվառին։ Բայց անգութ ժայռը ամենայն ծանրությամբ նստած էր նրա ոտների ու ծնկների վրա և չէր շարժվում տեղից։ Վրա հասավ Համրը։ Ես և իմ մյուս ընկերը չկարողացանք զսպել մեր ծիծաղը։ Նա ուշադրություն չդարձրեց մեզ վրա, վեր առեց երկաթե մեծ ձողը, նրա ծայրը դրեց քարի տակին, և այնպիսի մի ուժով շարժեց, որ քարը իսկույն առաջ մղվեցավ, և թշվառ դատապարտյալի ջարդված սրունքները դուրս եկան