Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/587

Այս էջը հաստատված է

են գործելու, բայց դարձյալ գողանում են, խաբում են և իրանց վաստակի մեջ անազնիվ միջոցների են դիմում, օրինակ, Պարսկաստանի խաչագողները և հրեաները։

Նա պատասխանեց.

— Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ ոչ մի այլ բարեկարգ երկիր, այլ միայն Պարսկաստանը արտագրեց խաչագողներ։ Այդ խաբեբաները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ, պարսիկների բռնակալության բնական արդյունք։ Մահմեդական կրոնը պիղծ է համարում նրանց. օրենքի առջև հավասար իրավունքներ չեն վայելում, նրանց կայքը, նրանց կյանքը ապահով գրության մեջ չեն գտնվում, նրանց մշակության պտուղները, մահմեդականներից պիղծ համարվելով, չեն վաճառվում և այսպիսով զրկվում են ապրուստի ամենահաստատ միջոցներից մեկից, որ մատակարարում է նրանց հողը, ավելացրեք դրանց վրա պարսիկների ճնշումը, հալածանքը, կամայականությունը, հարստահարությունը և ձեզ հասկանալի կլինեն խաչագողների գոյության բուն պատճառները։ Ստրկությունը խաչագողների մեջ զարգացրեց նենգավորություն, իսկ ճնշված, հալածված և հարստահարված գրությունը նրանց անբարոյական դարձրեց։ Հալածանքը զարգացրեց այդ հալածյալների մեջ նույնպես հալածասիրության ոգի, իսկ հարստահարությունը աճեցրեց նրանց մեջ անբարոյական բնազդումներ։ Վերևից, այսինքն իրանից ավելի զորավորից, հարստահարվելով, սովորեցին նրանք հարստահարել իրանցից ավելի տկարներին։ Այսպիսի ճնշումը արտագրեց խաչագողներին։ Պարսիկները հարստահարում էին նրանց կոպիտ ուժով, իսկ նրանք սովորեցին հարստահարել պարսիկներին կամ իրանցից ավելի տգետ մարդկանց մեղմ խորամանկությամբ և զանազան սատանայական խաբեբայություններով։ Ազատ մրցության մեջ իրավունքների հավասարության մեջ նրանք կարող էին ազնիվ կերպով մաքառել։ Բայց որովհետև իրավունքները անհավասար էին, մի կողմում կանգնած էր բռնությունը, կոպիտ ուժը, իսկ մյուս կողմում՝ անձայն հնազանդությունը, այսպիսի հարաբերությանը մեջ, շատ բնական է, որ մրցության համար նրանք կընտրեին անազնիվ միջոցներ։ Միշտ այդ գրության մեջ են եղել և են Պարսկաստանի խաչագողները։ Այլևս ինչո՞ւ ենք մեղադրում խաչագողներին, որ նրանք անբարոյական դարձան, չէ՞ որ մահմեդական աշխարհը փչացրեց նրանց։

— Դուք օրինակ բերեցիք և Պարսկաստանի հրեաներին,— առաջ տարավ նա։— Չէ կարելի այդ ազդը անբարոյական կոչել, որ