Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/594

Այս էջը հաստատված է

մոռացա և նրա սերը, որի առթիվ սկսվել էր վիճաբանությունը։ Համրը, յուր սառնասրտության հակառակ, ավելի տաքացած էր։ Նա ուղիղ իմ աչքերի մեջ նայելով՝ ասաց.

— Դուք (երբ բարկանում էր նա, սկսում էր դուք֊ով խոսել), միշտ մոռանում եք մեր անցյալ խոսակցությունները, որոնց մեջ մենք միշտ համաձայնել ենք միմյանց հետ։ Ես կրկին կդառնամ դեպի ձեր անձնավորությունը և ձեր անձի օրինակով կբացատրեմ իմ մտքերը։ Ասացեք խնդրեմ, եթե ես այժմ մոռացմամբ իմ քսակը ձեզ մոտ թողնեի, դուք ի՞նչպես կվարվեիք նրա հետ։

— Ես կվեր առնեի, կպահեի և կրկին ձեզ կվերադարձնեի։

— Իսկ եթե այդ պատահելու լիներ մի քանի տարի առա՞ջ։

— Ձեզ կսպանեի և կխլեի ձեր քսակը։

— Այդ փոփոխությունը ո՞րտեղից ծագեց ձեր մեջ։

— Դուք ինձ սովորեցրիք, որ գողությունը վատ բան էր։

— Հիմա տեսնո՞ւմ եք, ես ձեզ սովորեցրի, թե գողությունը վատ բան է, չէ՞ որ այդ իմ օգտի համար արեցի, որովհետև դրանով ես ապահովացրի իմ քսակի դրությունը։ Չէ՞ որ բոլոր վատ մարդիկ ձեզ նման են․ նրանք էլ միևնույն ուղեղն, միևնույն նյարդային կազմվածքն ունեն, որպես դուք։ Եթե մենք կսովորեցնենք նրանց լավ մարդիկ լինել, դրանով օգուտ կբերենք մեզ ինքներիս, որովհետև նրանք կդադարեն մեզ չար գործելուց։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ եղանակով ենք օգտվում մենք մեր դուրս փորած ոսկուց և արծաթից։

— Հասկանում եմ․ նրանցով մարդիկ կրթություն են ստանում և դադարում են իրանց նման մարդկանց կողոպտել։

— Միայն կրթությունը չէ, ուրիշ շատ լավ բաներ են կատարվում մեր աշխատանքի արդյունքով։— Եվ նա սկսեց երկար խոսել այդ առարկայի վրա և յուր դատողությունները վերջացրեց հետևյալ ասացվածքով. «Մեկը ամենքի համար, ամենքը մեկի համար»։

— Այժմ հասկացա, — պատասխանեցի ես,— բայց ինչո՞ւ դու մեր մյուս ընկերներին ևս չես սովորեցնում ինձ նման բարի լինել։ Նա դժվարացավ պատասխանել և, րոպեական շփոթություններից հետո՝

-Այդ թողնենք․․․ — ասաց նա, խոսքը փոխելով,— լսիր, Մուրադ, միայն բարի լինելով չէ որ մարդը կարող է ուրիշներին օգուտ բերել և ինքը բախտավոր լինել։ Մարդիկ հրեշտակներ չեն, որ միայն բարի լինելով կարողանան լավ ապրել։ Մարդը պետք է