Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/595

Այս էջը հաստատված է

գործե, իսկ գործելու համար պետք է մի քանի սովորած լինի։ Այդ մարդիկ,— նա ցույց տվեց դատապարտյալներին,— եթե անբարոյականացան, եթե դժբախտացան, գլխավոր պատճառն այն էր, որ ոչինչ հիմնավոր բան սովորած չէին։ Գոնե այժմ սովորեցնեին.․․»

Ը

ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿԻ

Դատապարտյալների ֆերմայի վրա, զինվորանոցից և զանազան արքունի շինվածքներից հետո, ավելի աչքի էր զարկում մի սպիտակ տնակ, որը շատ մոտ էր հիվանդանոցին։ Այդ առանձնացած բնակարանը միայն երեք սենյակներ ուներ, փոքրիկ լուսամուտներով և լերդագույն ներկած կտուրով։ Մի կողմում գտնվում էր ծառաների կացարանը, որի մոտ էր խոհանոցը։

Երևում էր, որ վաղուց մարդիկ չէին բնակվել այստեղ։ Բակի փոքրիկ պարտեզը, որ զարդարված էր մրգաբեր ծառերով, մնացեք էր անմշակ, հովանոցը քայքայվել էր, փայտյա վանդակապատը շատ տեղ կոտրատված էր, փտած սանդուղքից ցած էին թափվել մի քանի տախտակներ։

Սենյակների ներքին դրությունը շատ նման էր փոստային կայարանի, ուր ուշ գիշերով եկած ճանապարհորդը յուր բոլոր ծանրությունները խառնիխուռն ածած է լինում այս կողմ և այն կողմ, ուշադրություն չդարձնելով նրանց կարգի դնել, որովհետև առավոտյան կրկին պետք է ճանապարհ ընկնի, կրկին պետք է նրանց կարպը խանգարվի։

Այժմյան բնակիչները նույնպես նորեկներ էին. նրանք իջևանել էին այստեղ հենց նույն գիշերը, նրանց ծանրությունները նույնպես խառնիխուռն ածած էին այս կողմ և այն կողմ, ճանապարհի փոշին դեռ նստած էր նրանց վրա։ Բայց դրանք գնալու չէին, դրանք պետք է մնային այդ բնակարանի մեջ։

Առավոտ էր, խոնավ, մառախլապատ առավոտներից մեկը։ Փոքրիկ բնակարանում դեռ քնած էին։ Միայն սենյակներից մեկի դուռը կամաց բացվեցավ և շեմքի վրա հայտնվեցավ մի բարձրահասակ օրիորդ։ Նա նայեց յուր շուրջը, հանդարտ քայլերով ցած իջավ սանդուղքներից, անցավ պարտիզի տատասկներով պատած ճեմելիքը, անցավ կիսավեր հովանոցի մոտից և մերձեցավ փայտյա