Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/599

Այս էջը հաստատված է

թեյամանը սամովարի վրա դնել։ Գլուխը դարձյալ պտտվում էր։ Նա հեռացավ, նստեց լուսամուտի պատուհանում և, ձեռքը նեցուկ տալով գլխին, սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի պարտեզը։ Արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա խոշոր աչքերից և զովացնում էր բորբոքված երեսը և ավելի ևս բորբոքված սիրտը...։

Կից սենյակում արդեն զարթել էին։ Մանկահասակ տիկինը վեր էր կացել, իսկ նրա երիտասարդ ամուսինը դեռ պառկած էր մահճակալի վրա։

— Դե՛, վե՛ր կաց,— շտապեցնում էր նրան տիկինը,— վե՛ր կաց, լվացվիր, հագնվիր, դու այս առավոտ պետք է ներկայանաս քո մեծավորին։

— Դա մի այնքան շտապելու գործ չէ,— պատասխանեց երիտասարդը, ավելի ամուր կերպով փաթաթվելով ամառվա վերմակի մեջ։— Էգուց էլ կարող եմ ներկայանալ։

— Այստեղ մեծավորները երևի խիստ պահանջողներ են,— նկատեց տիկինը։

— Իսկ ես խիստ պահանջը հեշտությամբ չեմ վճարում,— ասաց ամուսինը։

Տիկինը կարծես ամուսնի համառությունը պատմելու համար՝ վառեց մի բարակ պապիրոս, սկսեց ծխել։ Ամուսինը, այդ նկատելով, սկսեց աղաչել նրան.

— Թո՛ղ տուր, ի սեր աստուծու, քանի՜ անգամ ասել եմ քեզ, որ թեյից առաջ չծխես։ Դու ամբողջ գիշերը անհանգիստ էիր, դարձյալ հազում էիր։

Տիկինը ուշադրություն չդարձրեց և, ամուսնուն ավելի ջիգրացնելու համար, մոտեցավ նրա մահճակալին, ընկավ նրա կուրծքի վրա, ասելով.

— Ես քո բժշկությանը չե՜մ հավատում, չե՜մ հավատում։— Այդ միջոցին նա ավելի սաստկությամբ ներս քաշեց պապիրոսի ծուխը և ապա յուր գունատ շրթունքների միջից փչեց երիտասարդի խիտ մազերի վրա, որոնք կորան մուխի մեջ։

— Այդ ի՞նչ երեխայություն է,— ասաց երիտասարդը,— և գլուխը վեր բարձրացնելով, յուր մանկահասակ կնոջ անմեղ չարությունը վարձատրեց ջերմ համբույրներով։

Դրանք այն ամուսիններից էին, որ մինչև մահ, մինչև խորին ծերություն ապրում են իրանց ամուսնության մեղրամիսի մեջ։ Արդեն հինգ տարի է, որ միասին էին ապրում, իսկ այսօր կարծես առագաստի առաջին գիշերվա առավոտը լիներ նրանց համար։