Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/600

Այս էջը հաստատված է

Երիտասարդը բժիշկ էր։ Նա ընտրել էր ծառայություն կայսրության այդ հեռավոր անկյունում ոչ թե այն նպատակով, որ ծառայությունը այսպիսի խուլ տեղերում առավելությամբ էր վարձատրվում, ոչ, այլ նա ավելի բարոյական վարձատրություն էր սպասում այստեղ։ Նրան մի առանձին բավականություն էր պատճառում բժշկել դատապարտյալներին,— այդ հոր, մոր, բարեկամների խնամատարությունի զրկված թշվառներին։

Նրա մանկահասակ կինը նույն մարդասիրական զգացմունքն ուներ։ Նա այն բարեսիրտ և խելացի կնիկներից էր, որոնց նմանները խիստ հազվագյուտ են լինում ամուսնական կյանքում, որոնք չեն ձգտում հաճոյանալ տղամարդին միմիայն կանացիությամբ, որոնք չեն բավականանում օգնել նրան, բաժանել նրա հոգսերը, միմիայն խնայող տնտես և լավ տանտիկին լինելով, այլ որոնք պաշտում են տղամարդի իդեալները, նպաստում են նրանց իրագործվելուն, վառ և մշտաբորբոք գրության մեջ են պահում նրա հոգին յուր բարձր, մարդասիրական գաղափարներով։ Այսպիսի լծորդության մեջ կինը դառնում է այն գերագույն ոգին, որից միշտ ներշնչված է լինում տղամարդը, այսպիսի լծորդության մեջ տղամարդի եռանդը երբեք չէ մեռնում։

Դեռևս օրիորդ էր նա, դեռևս նոր էր ծանոթացել յուր ապագա ամուսնացուի հետ, սկսեց բժշկական գրքեր կարդալ, հաճախել հիվանդանոցները և ներկա գտնվել անդամահատական գործողությունների։ Պատերազմի ժամանակ մտավ նա «գթության քույրերի» հասարակության մեջ և գնդակների ու ռումբերի տարափի ներքո փաթաթում էր վիրավոր զինվորների վերքերը։ Այստեղ նա նորից հանդիպեց յուր ամուսնացուին, այստեղ սիրեց նրան և սիրվեցավ։

Ոչ եկեղեցական և ոչ քաղաքական ամուսնությամբ կապված չէին նրանք։ Նրանց կապում էր մտքերի, ձգտումների և գաղափարների համերաշխությունը։ Բնությունը նույնպես զլացավ օրհնել նրանց ամուսնությունը այն շաղկապով, որ կոչվում է բնական կապ. զավակներ չունեցան նրանք։ Զավակը սիրո ավելի հաստատ գրավականն է ամուսինների մեջ, մանավանդ այն դեպքում, երբ օրենքը չէ կապում նրանց։

Հետաքրքիր պատահարները պարգևեցին նրանց մի զավակ, թեև իրանց արյունից չէր։ Դա այն օրիորդն էր, որ մյուս սենյակում նստած լաց էր լինում։ Օրիորդը պատկանում էր այն ցեղին, որ տուն, տեղ, հայրենիք չունի, որի հայրենիքը ամբողջ աշխարհն է, որը թափառում է ամեն տեղ։ Նա գնչու (ցիգան) էր. նա բնության