Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/604

Այս էջը հաստատված է

— Ի՜նչ բարի աղջիկ է, ո՜րքան խնամքով նայում է հիվանդներին, կարծես յուր եղբայրները և հորեղբայրները լինեն։

— Ի՞նչ աղջիկ,— մեքենայաբար հարցրի ես։

— Այն աղջիկը, որ հիմա այստեղ էր. չտեսա՞ր,— զարմանայով հարցրեց նա։— Այն օրից, որ դու պառկած ես, ճակատիդ թրջած քաթան ու սառույց էր դնում։ Ի՞նչպես չտեսար։

Այդ միջոցին մի օրիորդ դանդաղ քայլերով անցավ կորիդորից և անհետացավ մթության մեջ։

— Ահա այն աղջիկը,— ասաց ծերունին։— Ոմանք ասում են՝ մեր նոր բժշկապետի աղախինն է, ոմանք ասում են՝ նրա կնոջ ազգականն է։ Ո՛վ որ էլ լինի, աստված է վկա, լավ աղջիկ է։ Իսկ բժշկապե՞տը, կատարյալ հրեշտակ է, մեղք է նրան մարդ ասել։ Կմտնե հիվանդանոցը, կնստե ամեն մի հիվանդի մոտ, կխոսե, կհարցնե, հանաքներ կանե— սիրտ կտա, կմխիթարե։ Հետո կվեր կենա, ամեն բանի վրա կնայե, կմտնե խոհանոցը, կմտնե և այնտեղ, ուր մենք զզվանքով ենք մտնում։ Իսկ տիկինը կատարյալ հոգի է. օր չի լինի, որ հիվանդների համար թեյ, շաքար, սպիտակ պաքսիմաթ և զանազան քաղցրավենիք չբերե։ Կնայե նրանց անկողիններին, կնայե սպիտակեղեններին, և վա՜յ այն սպասավորներին, եթե մի փոքր անմաքրություն տեսնե։ Բայց առաջվա բժիշկները ու նրանց տիկինները, աստվա՛ծ ազատե, այսպես չէին, շատ սակավ անգամ էր պատահում, որ հիվանդանոցը ոտք կոխեին» Պատահում էր, գնում ես պարոն բժշկապետի մոտ, ասում ես. «Պարոն բժշկապետ, խեղճը մեռնելու վրա է»... կա՛մ կոպիտ կերպով կպատասխաներ, թե ժամանակ չունի, կամ եթե չուզեր վշտացնել քեզ, ծիծաղելով կասեր, «թող հանգստանան...»

Ծերունի սպասավորի շատախոսությունը վերջ չուներ։ Ես ձանձրացա լսել նրան, թեև նրա խոսքերը զուրկ չէին չափազանց ջերմ և բարի զգացմունքներից։ Բնության մի առանձին խաղը պետք է համարել, որ երբեմն այսպիսի կոշտ, կոպիտ, անկիրթ ռամիկների մեջ դնում է քնքուշ սիրտ։ Նա հին զինվոր էր։ Դրանք են թշվառ հիվանդների մխիթարիչները, դրանք են ազատում նրանց սովից և ծարավից, դրանք են փակում նրանց աչքերը մահվան վերջին րոպեներում։ Պատահել են շատ դեպքեր, որ հիվանդը բոլորովին մոռացվել է և մեռել է ոչ թե հիվանդությունից, այլ քաղցից և ծարավից։

Մի շաբաթ անցել էր վերոհիշյալ խոսակցությունից։ Իմ առողջությունը օրըստօրե դեպի լավն էր գնում, ուշք ու միտքս համարյա