Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/606

Այս էջը հաստատված է

Բայց միթե չէ՞ր կարող պատահել, որ Նենեն այնքան տարվա մեջ փոխված չիներ։ Բավական տարիներ էին անցել այն օրից, որ անջատված էինք միմյանցից։ Միթե չէ՞ր կարող պատահել, որ այն, թեև կիսավայրենի, բայց աշխույժ և ձիրքերով հարուստ բնավորությունը, մի առաքինի հոգու ազդեցության ներքո, մեղմանար, ազնվանար և բարի կրթություն ստանար։ Ես նույնպես մի վայրագ եղեռնագործ էի։ Բայց ի՜նչպես փոխվեցա։ Համրը ինձ բոլորովին այլ մարդ դարձրեց։ Մի՞թե միևնույնը չէր կարող պատահել և Նենեի հետ։ Ծերունի սպասավորի ասելով, նա գտնվում էր բժշկապետի ընտանիքի մեջ։ Գուցե այդ ընտանիքը ազդել էր նրա վրա, գուցե հենց նրանց հետ էր եթե ոչ, ո՞վ կբերեր նրան Սիբիր։

Վերջին ենթադրությունը ինձ ավելի հավանական էր թվում։ Բայց ես դեռ չէի տեսել այդ բժշկապետին և ոչ նրա կնոջը, թեև շատ անգամ այցելել էին ինձ մոտ։ Ես այդ միջոցներում հիշողությունս կորցրած եմ եղել։

Խաչագողի արհեստը թողել էր իմ մեջ մի առանձին սրամտություն, այն է՝ շուտով ըմբռնել ամենանուրբ ակնարկությունները և իսկույն հարմարվել հանգամանքների հետ։ Ես հիշեցի այն խորհրդավոր խոսքերը, որ նա հեռանալու ժամանակ ասաց. «Այդ հիվանդը յուր խելքի առողջ դրության մեջ չէ»... Այդ խոսքերով կամեցավ ծածկել նա, որ ես ճանաչեցի նրան, որ իմ և նրա մեջ եղել են հին հարաբերություններ։ Այդ խոսքերով կամեցավ արագացնել իմ հոգու սաստիկ հուզմունքը, որը համարեց նա իբր իմ ուղեղի անառողջ դրության արտահայտություն։

Ես տարակույս չունեի, որ նա դարձյալ կայցելե ինձ, և մի քանի օր շարունակ սպասում էի նրան։ Մի անգամ նախասենյակից լսում եմ հետևյալ խոսակցությունը․

— Այժմ ի՞նչ դրության մեջ է խելագարը։

— Բավական հանգիստ է.

— Խե՜ղճ տղա... նա դեռ շատ ջահիլ է...։

֊ Եվ պատվական մարդ է։

— Երկյուղ չկա՜ նրա մոտ մտնելու։

— Զգուշությունը վատ բան չէ։

— Ուրեմն կապեցեք նրան։

Ծերունի սպասավորը ներս մտավ, ինձ կաշկանդեց։ Քանի րոպեից