Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/608

Այս էջը հաստատված է

ջուր էր դրած և մի կտոր հաց։ Նա վեր առեց ջրի ամանը, հոտոտեց և, դառնալով դեպի սպասավորը, ասաց.

— Այդ ջուրը բոլորովին թարմ չէ, պետք է փոխել։

— Կփոխեմ, օրիորդ,— պատասխանեց ծերունին։

— Այս րոպեիս փոխեցեք։

Ծերունին վեր առեց ամանը և հեռացավ։

Նա շրթունքը մոտեցրեց իմ շրթունքներին և հազիվ լսելի ձայնով ասաց.

— Կարդա այդ տոմսակը և սպասիր ինձ...։

Նա դրեց իմ բարձի տակին մի թղթի կտոր։ Կորիդորից լսելի եղավ ծերունի սպասավորի ծանր քայլերի ձայնը։ Նենեն հեռացավ ինձանից և մոտեցավ դռանը։ Ծերունին բերեց ջուրը, դրեց յուր տեղում։

Նա կրկին անգամ նայեց իմ երեսին և հեռացավ։ Ա՜խ, որքան սրտաշարժ խոսքեր կային այդ լուռ նայվածքի մեջ...։ Դրսից լսելի եղավ նրա պատվերը սպասավորին.

— Հիմա կարող եք արձակել նրան, միայն դռները կողպած պահեցեք։

Ծերունին ներս մտավ, բաց արեց իմ ձեռքերն ու ոտները, և դուրս գնաց, յուր ետևից դուռը կողպելով։ Ես իսկույն վեր առի բարձի տակում թողած տոմսակը և սկսեցի կարդալ․ նրա բովանդակությունը խիստ կարճ էր, երկու տող միայն, բայց այդ երկու տողը պարունակում էր յուր մեջ ինձ համար անսահման բախտավորություն։

«Մուրադ, կյուրակի գիշերը, երկու ժամին, սպասիր ինձ, ես քեզ մոտ կլինեմ։ Նենե»։

Հարյուր անգամ կարդացի այդ երկու տողը, հարյուր անգամ շրթունքիս վրա սեղմեցի, բայց դարձյալ չէի կշտանում։ Նրանից, այդ անշունչ թղթի կտորից փափագում էի առնել սրտիս կարոտը։ Նրա մատներն էին գրել. նրա սիրտն էր դրած նրա մեջ։ Բայց ո՞վ սովորեցրեց նրան գրել»...։

Հիվանդանոցի այն մասը, ուր այժմ զետեղված էի ես, բաժանված էր մյուս մասերից, այստեղ պահվում էին միայն խելագարները և վարակիչ ախտերով հիվանդները։

Նենեն այլևս չհայտնվեցավ։ Մինչև կյուրակի դեռ ևս չորս օր կար։ Այդ չորս օրը ավելի երկարաձիգ էր թվում ինձ, քան թե չորս տարի։ Բայց աքսորականը սովորում է սպասել։ Ես խորին անձկանոք սպասում էի։